«Լրագիր» 19-8-2011- Սեպտեմբերին Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում սպասվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Մեդվեդեւի եւ Գյուլի հանդիպում: Հայտարարվել է, որ հանդիպմանը քննարկվելու է ղարաբաղի խնդիրը: Ի՞նչ կարելի սպասել այդ հանդիպումից: Այս հարցին խնդրեցինք պատասխանել քաղաքագետ Իգոր Մուրադյանին:- Ներկայում պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինել այն ամենի հանդեպ, ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը: Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը երկիրը հասցրել է քաղաքական ֆիասկոյի, եւ ծաղրի առարկա դարձել ողջ աշխարհի առաջ: Ուրախալի է, որ ռուսաստանյան քաղաքական գրականության մեջ արդեն կա ընկալումը, որ Ռուսաստանի քաղաքականությունը գործի է դնում շատ «սկզբունքային» հնարք, այսինքն` գործընկերների ու դաշնակիցների հանձնում, առանձին էթնիկ խմբերից մինչեւ ամբողջ երկրներ: Սա փորձված «պրիմակովյան գաղափար» է, եւ դրա վրա կարելի է լավ փող աշխատել: Կասկած չկա, Ռուսաստանի արտոնյալ քաղաքական խմբավորումները պարբերաբար մեծ փողեր են աշխատում արտաքին քաղաքականության վրա, այդ թվում` «հանձնելու սկզբունքի»:
Այն, ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, կարելի է լիակատար հիմնավորվածությամբ եւ առանց էմոցիաների նշույլի ասել` Կրեմլում ներկայում նստած է «Թալեաթ փաշան», ով իր ուղեղիկով երեւակայել է, թե Հայաստանը կարելի է վաճառել թուրքերին, ընդ որում` լավ գնով:
Չկա որեւէ զգալի հաջողություն արտաքին քաղաքականության մեջ, թե Արեւմուտքում, թե Արեւելքում, թե Հարավում: Ներկայում անհրաժեշտ է ամեն գնով, հաշվի առնելով ընտրությունների հեռանկարը, ինչ որ մի հաջողություն գրանցել: Կրեմլում այն կարծիքին են, որ Թուրքիայի հետ երկխոսությունը, չնայած ԱՄՆ նուրբ քաղաքականության հետեւանքով հիասթափություններին, դեռեւս ռեզերվ ունի, եւ պետք է ամեն գնով օգտվել դրանից:
«Թալեաթ փաշան» չունի այլ ընտրություն, քան թուրքերի հետ դավադրության մեջ մտնելը, եւ այդ որոշումն, ամենայն հավանականությամբ, ընդունվել է: Համենայնդեպս, դավադրության դիմելու որոշում է ընդունվել, սակայն կընդունի՞ Թուրքիան այդ նախաձեռնությունը: Հայաստանն ու Ղարաբաղը Թուրքիայի համար արդեն շատ քիչ են, նրան ավելի լայնածավալ զիջումներ են պետք, ավելի զանգվածային «հանձնում»: Սակայն, ամենայն հավանականությամբ, արդեն չկա ժամանակի ռեզերվ, քանի որ շատ շուտով «Թալեաթ փաշան», ԻՆՍՕՐ-ի (ձրիակերների մի խումբ, որ իրեն կոչում է «ուղեղային կենտրոն») իր խորհրդականների հետ միասին կհայտնվեն հրապարակային պատժի վայրում, ինչպես Ռուսաստանում եղել է վաղուց:
«Թալեաթ փաշան» արդեն մի լավ վառվել է ադրբեջանական սիրավեպում, Թուրքիայի հետ տապալումը կլինի ավելի էպատաժային ու աղետալի: Տպավորություն է, որ «Թալեաթ փաշային» պարզապես քցել են, եւ պարզ է, թե ով է քցել: Ինչ արտաքին քաղաքականության մասին կարող է խոսք լինել նման բարդակում, ասել է Իգոր Մուրադյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment