Friday, August 19, 2011

Քուրդ զինյալները զինավարժություններ են անցկացնում Հայաստանո՞ւմ

Tert.am. 18-8-2011- Իրանի բանակի գնդապետ Ազիզ Հասան Աքդամը հայտարարել է, որ քրդական «Ազատ կյանք Քրդստանում» կուսակցության (PJAK-) անդամները զինավարժություններ են անցնում Հայաստանում։
«PJAK ահաբեկչական խումբն Արևմտյան Ադրբեջանի (նահանգ Իրանի հյուսիս–արևելքում) հարավում պարտություն կրելուց հետո շարժվել է նահանգի հյուսիսային մասեր»,– ասել է զինվորական պաշտոնյան։
Ինչպես հաղորդում է իրանական tehrantimes.com կայքը, Աքդամը հավելել է, որ PJAK–ի որոշ անդամները նաև զինավարժություններ են անցնում Հայաստանի որոշ վայրերում։
Գնդապետի խոսքով՝ նահանգի հյուսիսում անվտանգությունն ուժեղացվել է և Մակուի սահմանապահները պատրաստ են դիմագրավել ցանկացած հարձակման։ Իսկ այն վայրերում, որտեղ սահմանապահներ չկան, տեսախցիկներ են տեղադրվել։
«Ազատ կյանք Քրդստանում» կուսակցությունը 2009 թվականին ներառվել է ԱՄՆ–ի՝ ահաբեկչական խմբավորումների ցանկի մեջ: Խմբավորումը, որը Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի իրանյան թևն է, գործում է հիմնականում Իրանի տարածքում:
Քրդական աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ավելի է, ինչ պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար։ Հակամարտության հետևանքով ավելի քան 40,000 մարդ է սպանվել։
ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նման ապատեղեկատվությունները սովորաբար տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, արտգործնախարարությունն արդեն դիմել է Իրանի իշխանություններին՝ լուրի իսկությունը ճշտելու համար, սակայն «համոզված են, որ այն կհերքվի»։

No comments: