Saturday, August 20, 2011

Հետեւեք Սերժի օրինակին

«Լրագիր» 19-8-2011- Սերժ Թանկյանի քաղաքացիական դիրքորոշումը, ով խոսել է Հայաստանի հիմնային խնդիրների մասին և կոչ է արել քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել, հայկական միջավայրում մի շարք հարցեր է առաջ բերել: Աշխարհում շոումենները և դերասանները սովորաբար նախընտրում են չխոսել քաղաքականությունից: Սակայն նրանցից շատերը, օգտագործելով իրենց հայտնիությունը, փորձում են բարեգործական, նույնիսկ քաղաքացիական գործունեություն ծավալել:
Այդ մարդկանց մի մասն իրոք ինքնուրույն, կարծր քաղաքացիական դիրքորոշում ունի, մյուսներին էլ պարզապես օգտագործում են բարի նպատակների համար, որպես գեղեցիկ ճակատամաս: Հայաստանի շոումենների քաղաքացիական դիրքորոշման մասին ոչ մեկին ոչինչ հայտնի չէ: Նույնիսկ եթե այն կա, փորձում են հնարավորինս լավ քողարկել: Քանի որ քաղաքացիական դիրքորոշման արտահայտումը կարող է արվեստագետների ֆինանսական վիճակի վրա ազդել, որոնք հինականում գումար են վաստակում ոչ թե համերգներով ու սկավառակների թողարկումով, ինչպես նորմալ շոու-բիզնեսում, այլ ընտրարշավներում, բարձրաշխարհիկ քեֆերում, որտեղ «քաղաքականապես անվստահելիներին» չեն հրավիրում:
Միայն իրենց տաղանդին, ուժերին վստահ արվեստագետները, որոնք գիտեն, որ կարող են ապրել նաև առանց քեֆերի և հրաժարվում են գողական երգեր երգել, կարող են իրենց ինքնուրույն քաղաքացիական դիրքորոշում թույլ տալ ունենալ:
Մինչդեռ, արվեստագետները կարող էին քաղաքացիական նախաձեռնությունների «դեմքը» դառնալ, որոնց շնորհիվ հասարակությունը կսկսեր հետաքրքրվել խնդրի էությամբ: Օրինակ, Ռուբեն Հախվերդյանի մասնակցությունը ՀՅԴ նախընտրական քարոզարշավին կուսակցությանն ավելի մեծ դիվիդենտներ բերեց, քան մի խումբ քաղտեխնոլոգները: Պատկերացնում եք, նման աջակցություն կարող են ստանալ, օրինակ, էկոլոգիական նախաձեռնությունները, եթե դրանց Սերժ Թանկյանի հետ մեկտեղ միանան հայտնի հայաստանյան անուններ: Նրանք նույնպես կարող են դիվիդենտներ շահել, մասնակցելով նման նախաձեռնություններին: Սակայն մեր արվեստագետների անունները մեծամասամբ կարելի է հանդիպել կամ նախընտրական համերգներում, կամ էլ ամերիկյան քրեական խրոնիկայում` կապված Պզոյի գործի հետ:
Արդյոք Սերժ Թանկյանի օրինակը վարակիչ կլինի հայ արվեստագետների համար: Արվեստը չի կարող անազատ լինել, և արվեստագետները, որպես օրենք, ազատության պայքարի առաջամարտիկներից են: Սակայն ոչ Հայաստանում:

Նաիրա Հայրումյան


No comments: