Tuesday, August 30, 2011

Երկխոսության այլընտրա՞նք է պատրաստվում

«Լրագիր» 30-8-2011- Սեպտեմբերին Հայաստանում “քաղաքական գարուն է” սպասվում: Սակայն դեռևս այնքան էլ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները` էվոլյուցիոն, թե հեղափոխական: Իշխող կոալիցիայի հետ երկխոսություն հաստատելու ՀԱԿ փորձերը Հայաստանին տարան էվոլյուցիոն ճանապարհով: “Ավազակապետության կազմաքանդման” կարգախոսը փոխարինվեց “Հայաստանի կառավարման համակարգի նոր մոդել”-ով: Ըստ երևույթին, նոր համակարգի ներդրման շուրջ պայմանավորվածության հասնելու հնարավորություն է եղել իշխող դասի մի մասի հետ` պայմանով, որ այն պետք է մնա մոդելի գլխին:
Սակայն երկխոսությունը առկախվել է: Ընդ որում, չնայած Կոնգրեսի ու կոալիցիայի ներկայացուցիչների հավաստիացումներին, որ կամուրջներն այրված չեն, ամենայն հավանականությամբ, այն վերջնականապես կանգնեցված է: Այդ մասին են խոսում Վիկիլիքսի բացահայտումները և այն փաստը, որ Ամերիկան սկսել է Հայաստանում բոլորին իրենց անունով կոչել` և ընդդիմությանը, և իշխանությանը: Իշխանությանն անվանել են քրեաօլօգարխիկ և մենաշնորհային, իսկ ընդդիմությանը մեղադրել են անվճռականության ու “խորամանկելու” մտադրության մեջ: Եվ եթե Կոնգրեսը և կոալիցիան մտադիր չէին կամուրջներն այրել, ապա դա նրանց փոխարեն արեց Մարի Յովանովիչն իր հին գրագրություններով:
Այս ամենն, իհարկե, ենթադրություն է, սակայն դրանք հանգեցնում են հետևյալ հարցին: Եթե խաղադրույք չի կատարվում իշխանության և գործող ընդդիմության վրա, ապա ու՞մ վրա է արվում: Քաղաքագետներն անմիջապես սկսեցին նոր ուժեր փնտրել, որոնք կարող են ակտուալ դառնալ: Օրինակ, նշվում է “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը, որին Մարի Յովանովիչն այցելել է Հայաստանից հեռանալուց առաջ` նորաստեղծ կուսակցությանը ազդեցիկ ֆորա տալով:
Սակայն, կարծես թե պետք չէ մութ սենյակում կատու փնտրել: Արաբական երկրներում վերջին հեղափոխությունների փորձը ցույց է տալիս, որ այնտեղ խաղադրույք կատարվել է ոչ թե որոշակի քաղաքական ուժի, այլ ակտիվ հասարակայնության վրա: Դեռևս դժվար է ասել, թե ինչ ուժեր են իշխանության եկել Եգիպտոսում ու Լիբիայում: Հեղափոխություններն արվել են վճռական, ինչ-որ տեղ ագրեսիվ տրամադրված մարդկանց միջոցով, որոնք պատրաստ էին փողոց դուրս գալ: Թե ինչպես են այդ մարդիկ մոբիլիզացվել, արդյոք վճարել են կազմակերպիչներին և ինչ հիմնադրամներից, դեռևս բարձրաձայն չի նշվում (Վիկիլիքսը հետո կհրապարակի): Սակայն այն, որ “տարագրության մեջ գտնվող ընդդիմադիրները”, որոնք հայրենիք են վերադարձել գահին նստելու համար և անգործ են թողնվել, խոսում է այն մասին, որ խաղադրույքը “տեղական նշանակության” առաջնորդների վրա չի դրվել:
Հայաստնաում նման սցենարը հավանական չի թվում, և սա հասկանում են նրանք, ովքեր շահագրգռված են մեր երկրում դիկտատուրայի վերացմամբ: Թերևս, հենց այս պատճառով էր երկխոսությունը մինչ այժմ շարունակվում` խաղադրույք կատարելով ավանդական առաջնորդների վրա: Սակայն այս տարբերակն ակնհայտորեն չի ստացվում: Այժմ ստիպված են անցնել պլան Բ-ի: “Երկխոսությանն այլընտրանք չկա: Ադրբեջանի ու Ուկրաինայի պես քաղաքացիական պատերազմ չենք սկսելու, չէ՞: Կարծում եմ, հայերը բավական խելամիտ են նման քայլի չգնալու համար”, հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
Իր հերթին, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել պատրաստ լինել, որ “ժողովուրդը կրկին իր ողջ ուժը ցույց տա”: “Իշխանության դիրքորոշումը ցույց է տալիս, որ նրանք զիջման են պատրաստ միայն մեկ դեպքում` երբ ժողովուրդն իր ուժն է ցույց տալիս”, հայտարարել է Զուրաբյանը: Ելնելով այս տրամաբանությունից, պետք է ակնկալել, որ սեպտեմբերին խաղադրույք կարվի ժողովրդի ակտիվ մասի վրա, որոնք պատրաստ են դուրս գալ փողոց և ջարդելով բացել դռները: Դրա համար կկիրառվեն բոլոր ավանդական տեխնոլոգիաները` սկսած կազմակերպիչների հավաքագրումից` վերջացրած ժողովրդին համոզելով, որ իշխանությունները թալանում ու սպանում են:
Հազիվ թե այս ամենը չհասկանան իշխանությունում, ընդդիմությունում և հասարակությունում: Հայաստանում հեղափոխություն անելու Ամերիկայի փորձերի մասին հոդվածներ արդեն լայնորեն առկա են մամուլում ու սոցցանցերում: Խնդիրն այն է, որ պարզվի, թե արդյոք հասարակությունն ունակ է դիկտատուրան վերացնել ու ժողովրդավարություն հաստատել, կարո՞ղ է արդյոք հայ ժողովուրդը հեղափոխության դեպքում իր իրավասության տակ պահել որոշումներ ընդունելու իրավունքը:

Նաիրա Հայրումյան

No comments: