Tuesday, August 30, 2011

Մեր բանակի ամենամեծ ձեռքբերումը հաղթանակն է, և այն պետք է պահպանել. Սեյրան Օհանյան

Tert.am. 30-8-2011- Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի հանդիսությունների շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների, Տավուշի մարզային ղեկավարության հետ այսօր այցելեց մարզում տեղակայված զորամասերից մեկի առանձին մոտոհրաձգային գումարտակ։
Ողջունելով զորամասի հրամանատարական, սպայական և զինվորական համակազմին՝ նախարարն ասաց. «Ձեր գումարտակը փառավոր ճանապարհ է անցել. այն գրեթե միշտ հաղթանակած է եղել և խորհրդային և հետխորհրդային՝ Արցախյան գոյամարտի տարիներին»։ Նախարարը նշեց, որ գումարտակը մարտական պատրաստվածության արդյունքներով բարձր ցուցանիշներ է գրանցել 2010-2011 թվականներին։

«Յուրաքանչյուր զինվորի համար մեծ պատիվ է ծառայել այստեղ և պաշտպանել հայրենիքի սահմանները»,– ընդգծեց Օհանյանը։
Որպես անկախության ակնառու ձեռքբերում պաշտպանության նախարարը մատնանշեց պատերազմական թոհուբոհի մեջ տարբեր զորամասերի և հայոց կանոնավոր բանակի ստեղծումը։
«Մեր բանակի ամենամեծ ձեռքբերում հաղթանակն է, և այն պետք է պահպանել»–շեշտեց Սեյրան Օհանյանը։
Այնուհետ նախարարի հրամանով տարբեր խրախուսական պարգևներ ու նվերներ հանձնվեցին գումարտակի սպաներին ու պայմանագրային զինծառայողներին։
Ավելի ուշ զինծառայողները ցուցադրեցին մարտավարական ու ֆիզիկական մի շարք հնարքներ։

No comments: