Wednesday, August 31, 2011

Ռազմական արկածախնդրության դեպքում Հայաստանը կրկին հակառակորդին խաղաղություն կպարտադրի. Սերժ Սարգսյան

Tert.am. 30-8-2011- Նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել: Այս մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:
«Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռևս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:
Վստահ եմ` քաջատեղյակ եք այդ գործընթացից և ձեր աշխատանքային առօրյայում կանոնավոր կերպով առնչվում եք այդ հիմնախնդիրներից բխող տարբեր դրսևորումների հետ: Երբ մենք այսօր ասում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, որոնք մենք բազմիցս և տարիներ շարունակ արտահայտել ենք, դա ամենևին էլ քարոզչական հնարք չէ: Մեր հստակ դիրքորոշմամբ և վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ և անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները` որպես առավել իրատեսական և խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաև, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները:
Ամռանը հասել էինք մի կարևոր հանգրվանի, երբ թե՛ միջնորդ երկրները, և թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է: Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով և հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց և նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար:

Այժմ, համոզված եմ, որ բոլորիդ հուզում է այն հարցը, թե ո՞րն է հաջորդ քայլը, և ի՞նչ ակնկալիքներ կան: Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ: Այդուհանդերձ, թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը և հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում և բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում:

Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել` պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել` սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: