Wednesday, August 31, 2011

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՆԱԵՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Դա պայմանավորված է հրամանագրի սահմանափակվածությամբ

«ԱԶԳ», 31-08-2011- Նախորդ համարում «Ազգը», անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի օգոստոսի 27-ին ուժի մեջ մտած համայնքային կալվածքների մասին հրամանագրին, նշել էր, որ դա ենթադրում է պետականորեն առգրավված անշարժ գույքի վերադարձը ազգային փոքրամասնություններին:
Թուրքիայում համայնքային կալվածքների առգրավման սկիզբը դրվել է դեռեւս 1935-ին, երբ հիմնադրամների (վագըֆ) գլխավոր վարչությունը համայնքներից պահանջեց ներկայացնել իրենց տնօրինության տակ գտնվող անշարժ գույքի մասին հայտարարագիր: Պահանջը կատարվեց 1936-ին, եւ մինչեւ 60-ական թվականները համայնքային հիմնադրամները իրավաբանական անձի կարգավիճակով կարողացան ընդլայնել իրենց ունեցվածքը:
Սակայն 60-ականներին կալվածքների նկատմամբ հիմնադրամների գլխավոր վարչության դիրքորոշումը հետզհետե փոխվեց, որն սկսեց ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներից պահանջել իրենց ունեցած անշարժ գույքի սեփականության վկայագրեր: Մինչդեռ ոչ մահմեդական հիմնադրամներն այդ գույքը ձեռք էին բերել դեռեւս օսմանյան շրջանում սուլթանի հրովարտակի հիման վրա, ուստի նրանց որեւէ վկայական չէր տրվել:
Այսպիսով, 1936-ի հայտարարագրերում չարձանագրված անշարժ գույքը իշխանություններն առգրավեցին համայնքներից: Ազգային փոքրամասնությունների հարուցած դատական բոլոր գործերը հիմնադրամների գլխավոր վարչության դեմ դատապարտվեցին պարտության: Ավելին, նրանց դիմումները Վճռաբեկ դատարան հանգեցրին այս դատարանի 1974-ին ընդունած որոշմանը. «Ոչ թուրքերին պատկանող կազմակերպություններին, անկախ իրավաբանական անձի կարգավիճակից, արգելվում է անշարժ գույք ձեռք բերելը»:
Այսպիսով, համատարած բնույթ ստացավ համայնքային կալվածքների առգրավումն ու դրանց փոխանցումը պետական գանձարան կամ հիմնադրամների գլխավոր վարչություն: Էրդողանի կառավարության հրամանագիրը ներառում է համայնքային այն կալվածքները, որոնց ցանկը դեռեւս 1936-ին ունեցվածքի հայտարարագրերով ներկայացվել էր հիմնադրամների գլխավոր վարչություն, ինչպես նաեւ կտակելու իրավունքից զուրկ լինելու պատճառով ազգային փոքրամասնության ներկայացուցիչների գանձարան փոխանցված գույքերը, որոնց մեջ են պետական գանձարանի, հիմնադրամների, քաղաքապետարանների, նահանգապետարանների տնօրինությանն անցած կալվածքները, այդ թվումՙ գերեզմանատները:

Ըստ հրամանագրի ենթադրվում է, որ համայնքները 12 ամսում դիմում ներկայացնեն հիմնադրամների գլխավոր վարչություն, որի դրական որոշումը հաստատի Թուրքիայի ազգային մեծ ժողովը: Այլ կերպ, հրամանագիրը դեռեւս հարցի լիարժեք լուծումը չէ, հատկապես հույն համայնքի պարագայում, որովհետեւ 1967-ին Ստամբուլից հույների մեծամասնության վտարումից հետո նրանց թիվը ավելի քան 80 հազարից կրճատվել է շուրջ 2500-ի: Թերեւս դա է պատճառը, որ «Ապոեւմատինի» թերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Վասիլակիսը թուրքական մամուլին հայտարարել է. «Կալվածքները համայնքներին վերադարձնելը անշուշտ տպավորիչ քայլ է, սակայն մի բուռ հույն փոքրամասնության համար բոլորովին անօգուտ: Յուրացնելով գույքըՙ դրանից կօգտվի մի քանի աչքաբաց, այլ ոչ թե համայնքը, որովհետեւ չենք կարողանում կազմել սեփական կալվածքը տնօրինող որեւէ վարչություն»:
Նրան լրացրել է Գեդիքփաշայի հայկական եկեղեցու ունեցվածքի հանձնաժողովի նախագահ Հարութ Շանլին. «Վերադարձման ենթակա կալվածքներն արդեն մեր համայնքին էին պատկանում: Ոչ մահմեդականներից առգրավված կալվածքների թիվն ավելի քան 280 է, որից 12-ն արդեն վերադարձրել են: Ներկա պահին ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ, քան կալվածքները, ինչպիսիք են, օրինակ, վարժարաններին, պատրիարքարանին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելը»:
Համենայն դեպս, ենթադրվում է, որ հրամանագրով թուրքական իշխանությունները Ստամբուլում հայ համայնքին վերադարձնեն Գյուլբենկյանների արհեստանոցների համալիրը, Գեդիքփաշայի հայ բողոքական վարժարանը, հայ բողոքական ժողովարանին պատկանող բնակելի տուն, ճաշարան, խաղահրապարակ եւ բարձրահարկ շենք, Սուրբ Փրկիչ հիվանդանոցից առգրավված 6 տուն, մեկ խանութ, բազմաթիվ շինություններ, ինչպես Սուրբ Հարություն հիմնադրամին պատկանող անշարշ գույքի բազմաթիվ տեսակներ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: