Wednesday, August 31, 2011

Ինչ պիտակ կունենար Ռոբերտ Քոչարյանը

«Լրագիր» 31-8-2011- Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ հարցազրույցների շարքում հարցազրույց է անցկացրել Հայաստանի երկրորդ նախագահ եւ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում ծննդյան օրն է օգոստոսի 31-ը: Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հարցնում են, թե “որտեղից նրան կարողություն 1990-ականների սկզբին հասկանալ, որ պետք էր գնալ Արցախի անկախության”:
Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է, որ այն ժամանակ ակնհայտ էր, որ ԽՍՀՄ փլուզվում էր եւ ճիշտ պահն էր անկախություն հռչակել: Ինչու անկախություն, որովհետեւ դա լուրջ իրավական հիմքեր էր տալիս Արցախի հարցում հետագա զարգացումների համար: “Ինչու անկախություն: Առաջին հերթին դա ավելի լուրջ հիմքեր էր տալիս հենց իրավական, Արցախին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետագա գոյատեւման համար: Գիտեք, երկու հանգամանք: Առաջինը գործող օրենսդրությանը համահունչ էր այդ ամենը, այն ժամանակվա գործող օրենսդրության: Եվ երկրորդը, դա ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառում էր նշանակում: Իսկ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնական, այսպես ասենք սկզբունքներից էր”, ասում է Ռոբերտ Քոչարյանը, նշելով, թե դա ճիշտ պահին ճիշտ որոշում էր:
Ռոբերտ Քոչարյանը նշում էր, թե “միայն ինքը չէր, այլ թիմ էր աշխատում”: “Իրավական տեսանկյունից, ակտիվ այդ հռչակագրի վրա աշխատում էր նաեւ Կարեն Բաբուրյանը: Եվ ասեմ, որ Հայաստանից փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտից կար երկու մասնագետ”, ասում է Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը նշել է, թե պատասխանատվությունը նման դեպքերում միշտ մեծ է, բայց այն ժամանակ պաթոսով չէին մտածում սերունդների առաջ պատասխանատվության մասին, այլ իրենց գործն էին անում, իրեն ընտանիքների, ժողովրդի, Արցախի անվտանգությունն էին պաշտպանում: “Այն ժամանակ առարկայական ուղղակի խնդիր էր մեր առաջ դրված եւ ամեն մեկը փորձում էր իրենից կախված ուղղակի ամեն ինչը անել եւ հողը պահելու համար, եւ ժողովրդին կերակրելու համար, եւ անվտանգությունն ապահովելու համար: Իհարկե, մեծ էր պատասխանատվությունը: Այն ժամանակ եթե հաջողության չհասնեինք, ապա պատկերացնո՞ւմ եք այսօր ինչ պիտակներ կունենայի անձամբ ես”, ասում է Ռոբերտ Քոչարյանը:

No comments: