Saturday, August 20, 2011

ՓՈՂՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱ

«ԱԶԳ» , 20-08-2011- Վտարանդի կառավարությունները պատմության ընթացքում ոչ թե հարց են լուծել կամ իրականություն արտացոլել, այլ առավելապես զավեշտի ու բեմականացման տարրեր են ներմուծել դրանց առնչվող գործընթացներում:
Իսկ երբ դերակատարություն ու առավել եւս ազդեցություն ունենալու հավակնություններ են դրսեւորում առավել ցածր միավորներ` նույն «վտարանդիության» մոտեցմամբ, այն էլ` անհիմն շարժառիթներով, զավեշտն ամենայն հեշտությամբ կարող է փոխվել խեղկատակության: Սակայն միշտ չէ, որ զավեշտալին անպտուղ գործունեություն է ներկայացնում:
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, միեւնույն ժամանակ Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար» Բայրամ Սաֆարովը, ըստ «Թրենդ» ադրբեջանական գործակալության, հայտարարել է, որ օտարերկրյա պետություններում աշխատանքներ են տարվում ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցչությունների ստեղծման ուղղությամբ»:
Սաֆարովը նշել է, թե արդեն իսկ «նշանակալի աշխատանք է տարվել համաշխարհային հանրությանը Ղարաբաղի իրողություններին տեղյակ պահելու առումով»: Ընդ որում, ԼՂ «ադրբեջանական համայնքի ղեկավարը» տեղեկացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը «հատուկ ուշադրություն» է դարձնում այդ հարցին:
«Մեր դեսպանությունները, սփյուռքյան կազմակերպությունները արտերկրում բավականին ակտիվ են այդ գործում», քարոզչական հերթական մեխանիզմի մասին պետական հոգածության տարրեր է ներկայացրել Սաֆարովը:
Ակնհայտ է, որ պետական զգալի ռեսուրսներ են ծախսվելու հիշատակված «ներկայացուցչությունների ստեղծման» համար, որոնց տարած ամենանվազ աշխատանքն անգամ դրական չի անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հանրության պատկերացումների վրա:

No comments: