Tuesday, August 16, 2011

Իսլամիստների դիրքերն Ադրբեջանում կարող են ամրապնդվել և խնդիրներ առաջցնել

Panorama.am. 16-8-2011- «Թուրան» լրատվական գործակալությունը «Եվրասիանեթ» կայքից արտատպել է Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության ներքին քաղաքական հարցերով խորհրդական Էլդար Մամեդովի հեղինակային հոդվածը, որում վերջինս անդրադարձել է Ադրբեջանում իսլամիստների գործունեությանը: Այն ներկայացնում ենք ստորև:
Ինչպես վկայում են կրթական հաստատություններում իշխանությունների հիջաբ կրելն արգելող ոչ պաշտոնական արգելքի դեմ բողոքի ցույցերը, ուղղադավան մահմեդականները վերջին տարում հանրապետությունում իրենց մասին ավելի վճռականորեն են հայտարարում: Թեև մահմեդականների ակտիվացումը չի նշանակում, որ իսլամիստները Բաքվում ազդեցիկ քաղաքական ուժ են դառնում:
Իսլամիստների դեմ Ադրբեջանում երկու հզոր հանգամանք կա: Մի կողմից այն է, որ երկրում արմատավորվել են աշխարհիկ ավանդույթներ: Սակայն ավելի կարևոր հանգամանք է հանդիսանում Ադրբեջանի իսլամիստների բաժանվածությունը:
Ներկայումս երկրում կարելի է երեք հիմնական իսլամական ուղղություն առանձնացնել. շիա մահմեդականները, որոնք Ադրբեջանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեն և ոգեշնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության օրինակով, սալյաֆիները, որոնք ըստ էության, ժամանակակից իսլամական պուրիտանականներ են ու ոգեշնչվում են Սաուդյան Արաբիայի օրինակով և թուրքական միսիոներական խմբերը, որոնցից առավել աչքի ընկնողը Ֆեթուլլա Գյուլենի շարժումն է: Այս խմբերին բաժանում են առկա անհաղթահարելի քաղաքական ու կրոնական հակասությունները և նրանցից ոչ մեկը բավարար ուժեղ չէ, որպեսզի միանձնյա մարտահրավեր նետի ադրբեջանական պետության աշխարհիկ բնույթին:
Ադրբեջանական բնակչության 65 տոկոսը շիա ուղղության հետևորդներ են: Թեև բնակչության մեծ մասը անվստահությամբ է նայում շիաների ակտիվ գործունեությանը՝ Իրանի հետ սերտ կապերի պատճառով:
Սալյաֆիներն այսօր Ադրբեջանում ազդեցության համար պայքարող կրոնական խմբերից հանդիսանում է ամենահակասականը: Չունենալով պատմական արմատներ և Ադրբեջանում սաուդյան փոխերով հիմնադրված լինելով, նրանք կարողացել են իրենց կողմը գրավել ավանդական շիա ուղությունից հիասթափված շատ հետևորդների: Շիաները և սելյաֆիները միմյանց նկատմամբ փոխադարձ անվստահություն ունեն և ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում տրամագծորեն հակառակ հայացքների կրողներ են:
Ադրբեջանում ի տարբերություն Իրանի ու Սաուդյան Արաբիայի, Թուրքիան իսլամի առավել ընդունելի փոխակերպում է հանդիսանում: Գյուլենի շարժման կազմակերպած դպրոցների ցանցը նպաստում է իսլամի թուրքական մոդելի տարածմանը, թեև վերջին շրջանում ադրբեջանական հասարակության ուսյալ շերտի մոտ շարժման հեղինակությունը տուժել է: Պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները լռել են նրանց մասին:
Իշխանությունները փորձում են տարանջատել կրթությունը և կրոնը, բայց շարժվում են ոչ ճիշտ ուղղությամբ: Տվյալ խնդրի վերաբերյալ տեղեկատվական ակտիվ արշավ ու երկխոսություն ծավալելու և դրա միջոցով դպրոցներում կրոնական սիմվոլիկա կրելը պաշտոնապես արգելելու փոխարեն իշխանությունները որդեգրել են բռնապետական մոտեցում` դպրոցում հիջափ կրելն արգելելու մասին բանավոր հրահանգներ արձակելով: Եվ երբ հավատացյալներից մի քանիսը բողոքել են, նրանք ծեծի են ենթարկվել ու իրավապահների կողմից ձերբակալվել են: Դա թույլ տվեց իսլամիստներին` հայտարարելու իշխանությունների նկատմամբ իրենց բարոյական առավելության մասին` ներկայացնելով իրենց որպես կրոնական հետապնդումների համար պայքարողների:
Երկրում իշխանությունների ավտորիտար, ոչ արդյունավետ քաղաքականությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում ամրապնդել իսլամիստների դիրքերը և խնդիրներ առաջացնել:

No comments: