Saturday, August 20, 2011

Ադրբեջանի դեմ պայքարում հայերը լեզգիների դաշնակիցներն են. Քերիմով

Tert.am. 19-8-2011- Ռուսական «Ռեգնում» գործակալության խմբագրականում է հայտնվել Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության Տյումենի մարզի նախագահ Վագիֆ Քերիմովի նամակը։ Քերիմովը գրում է, որ ինքը չէր կարող անտարբեր մնալ «Ադրբեջանում բնիկ ժողովուրդների» մասին ադրբեջանցի Ֆիքրին Բեքթաշի և հայ Վիկտոր Յակուբյանի քննարկումներին, առավել ևս, որ ինքը այն ինֆորմացիայի վկան է և կրողը, որի շուրջ «տուրուդմփոց է» գնում։
Իր նամակում նա խոսում է լեզգիների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների և լեզգիների պետություն՝ Լեզգիստան ստեղծելու անհրաժեշտության մասին։
Նամակում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ Քերիմովը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հայերն այդ հաղթանակին երկար գնացին, պատրաստ էին զոհվել և ազատության հասան։ Ազատ լինելու իրավունքը, որն Աստծո կողմից տրված է յուրաքանչյուր մարդու և ազգի, հայերի կողմից իրականացվեց սեփական արյան գնով և անհավասար պայքարում .... լեզգիների ծպտյալ դիրքորոշումը դա է...»,– գրում է Քերիմովը։
Դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ Քերիմն ասում է. «Դուք մի ելք ունեք միայն՝ Դաշնություն ստեղծելը, և հայերի հետ բարեկամանալը։ Ահա ձեր հոգու փրկությունը։ Փողերը, որ հրթիռների վրա եք ծախսում, ծախսեք դասագրքերի, լեզգիների, թալիշների լեզուների ուսուցողների վրա։ Այդ նավթը միայն ձերը չէ։ Այո, հայերը մեր իրավապաշտպաններն են, դուք էլ չէ իրավապաշտպան ունեք՝ Իսրայելը»,– գրում է նա։
Լեզգիները պատմական Աղվանքի հնագույն ժողովուրդներից են: Նրանց մի մասը բնակվում է Դաղստանում, մյուս մասը` Ադրբեջանի հյուսիսում և հյուսիսարևմտյան շրջաններում։ ԽՍՀՄ փլուզումից հետո լեզգիները փորձեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից և վերջ դնել Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը: Անկախանալու ձգտումները, սակայն, բռնի ուժով ճնշվեցին Բաքվի կողմից, որն իր անհանդուրժողական քաղաքականությունը շարունակում է իրականացնել մինչ օրս:

No comments: