Saturday, August 20, 2011

Հայ առաքելական եկեղեցի. «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրինագծում հոգեորսության վերաբերյալ ձեւակերպումը հիմարություն է

News.am. 19-8-2011- «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրինագծում հոգեորսության վերաբերյալ ձեւակերպումն անհեթեթություն է: Հոգեորսությունը դա էրոտիկա չէ, որ պատշաճ կամ ոչ պատշաճ լինի»: Այդ մասին օգոստոսի 19-ին կայացած ասուլիսում հայտնել է Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Նրա խոսքով, եթե այսպես կոչված «հոգեորսությունը» արդյունքներ տար, ապա «վերջին 20 տարվա ընթացքում մենք` Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներս, կդառնայինք փոքրամասնություն: «Օրինագծում հոգեորսության վերաբերյալ ձեւակերպումն հիմարություն է»,-նշել է Աջապահյանը:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե մի շարք փորձագետների տվյալներով, Հայաստանում կրոնական կազմակերպությունների հետեւորդ է հանդիսանում 300 հազար մարդ` Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդն ասաց. «Դա հորինված թիվ է: Հնարավոր է, որ Հայաստանում կա 300 հազար մարդ, ովքեր «խոնավություն են քաշել» տարբեր կրոնական կազմակերպությունների գաղափարներից, սակայն ոչ բոլորն են հանդիսանում այդ կրոնական կազմակերպությունների անդամ: Նույնիսկ մեր երկրում կրոնական կազմակերպությունների զարթոնքի շրջանում, այդ կազմակերպության անդամների ընդհանուր թվաքանակը չէր գերազանցում ամբողջ բնակչության 2 տոկոսը»:
Ինչ վերաբերում է «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» բուն օրինագծին, ապա եպիսկոպոսի խոսքով, ինքը մտավախություն չունի, որ օրինագծում Հայ առաքելական եկեղեցու դիրքերի թուլացման նախադրյալներ կան` չնայած, որ նման փորձեր ձեռնարկվում են: «Տվյալ օրինագիծը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններ ստեղծել մեր երկրում կրոնական կազմակերպությունների գործունեության համար: Աստծու սիրուն, թող ստեղծեն, միեւնույն է դա չի խարխլի Հայ առաքելական եկեղեցու դիրքերը եւ չի նվազեցնի եկեղեցու հետեւորդների թիվը: Այո, այդ օրինագիծը նման նպատակներ հետապնդում է, բայց նրանց չի հաջողվի դրանք կյանքի կոչել: Նույնիսկ եթե ընդունվի ամենաանբարենպաստ օրենքը «Խղճի եւ կրոնների ազատությունների մասին», Հայ առաքելական եկեղեցին կհաղթի այդ գաղափարական պայքարում, քանի որ միշտ էլ այդպես է եղել»,- հայտարարել է նա:

Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդի կարծիքով, օրինագիծը ինքնին բացասական չէ, բացասական է հասարակության ուշադրությունն այլ խնդիրներից շեղելու համար բարենպաստ իրադրություն ստեղծելու միտումը: «Հայաստանում լուծված չէ ոչ մի լուրջ խնդիր, իսկ դրա փոխարեն մենք լուծում ենք խղճի ազատության խնդիրը: Մարդու ազատությունների վերաբերյալ ոչ մի հարց Հայաստանում լուծված չէ, իսկ ինչու ենք մենք սկսել խղճի ազատության խնդրի լուծումից եւ ցանկանում ենք այն կատարյալ դարձնել»,- նշել է նա:

Նրա կարծիքով, պատճառն այն է, որ կրոնական կազմակերպությունների հետ կապված հարցը հանդիսանում է բուռն քննարկումների առարկա եւ «օրենքի մեջ փոփոխություններ մտցնելով` կարելի է տպավորություն ստեղծել, որ գործ է արվում, իսկ իրականում ոչինչ էլ չի արվում»:

No comments: