Wednesday, August 3, 2011

Լևոն Զուրաբյան աշնանը աննախադեպ ժողովրդական ընդվզում է խոստանում, եթե...

Tert.am. 2-8-2011- ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօրվա հանրահավաքում իր ելույթը սկսեց Կոնգրեսի երրորդ տարեդարձի առթիվ շնորհավորելով ժողովրդին, ապա ավելացրեց, որ վերջինիս տոկոնության, համարձակության շնորհիվ քայլ առ քայլ Կոնգրեսի բոլոր նպատակներն իրականացվում են. վերականգնվեց երթերի ու հանրահավաքների իրավունքը, ազատվեցին քաղբանտարկյալները, ազատվեց Ազատության հրապարակը, «նստեցրինք իշխանություններին բանակցությունների սեղան՝ Հայաստանի ժողովրդավարացման օրակարգով: Երկխոսությունը մեծ հաղթանակ է: Ժողովրդավարացման հաստատումը դարձել է ամիսների հարց...»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Նա հավաքվածներին տեղեկացրեց իշխանության հետ երկխոսության մանրամասների մասին: Զուրաբյանը նշեց, որ երկխոսության երկու «ռաունդներում» իրենք երկու կարևոր նվաճում են արձանագրել՝ իշխանության պատվիրակությունը ներկայացնում է Սերժ Սարգսյանին, բանակցություններում պաշտոնապես ընդունվեց արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ լեգիտիմ իշխանությունների ձևավորման հարցը, ինչը մինչև վերջերս կտրականապես բացառում էին:
Ըստ ՀԱԿ համակարգողի՝ իշխանությունները կանգնած են շատ պարզ երկընտրանքի առջև. առաջին տարբերակն այն է, որ նրանք սթափ գնահատեն իրավիճակն ու որոշեն, որ ավելի լավ է զիջել հիմա: «Իրենց հատուկ կարճատեսությամբ իշխանությունները կարող են որոշել, որ զիջումների կարող են գնալ երբ փաստացի, կամ իրենց լեզվով ասած՝ նաղդով տեսնեն փողոցներում Կոնգրեսի կողմից մոբիլիզացված տասնյակ հազարավոր քաղաքացիների»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունները հույս ունեն այս տարբերակով լարել ներքաղաքական իրավիճակն ու Կոնգրեսին վարկաբեկել ժողովրդի աչքում:

Կոնգրեսի համակարգողը համոզված է՝, որ հաշվի առնելով իշխանությունների կարճատեսությունն ու ստրատեգիական մոտեցման պակասը, իշխանությունը կընտրի երկրորդ տարբերակը և կսպասի ժողովրդի սեպտեմբերյան ակտիվացմանն ու նոր աշնանը կընդունի որոշում: «Ես միայն մի խորհուրդ ունեմ այս իշխանությանը՝ մի խաղացեք այս ժողովրդի համբերության հետ, լուծեք բոլոր խնդիրները երկխոսության շրջանում, եթե չեք ուզում աշնանը տեսնել ժողովրդի ընդվզման այնպիսի ալիք, որի նմանը դեռ չեք տեսել: Այնպես մի արեք, որ երբ պատրաստ լինեք գնալ զիջումների, ձեր զիջումների կարիքը որ մեկը չունենա»,- հայտարարեց նա:

No comments: