Tert.am. 26-6-2012- Թուրքական Ստամբուլ քաղաքում այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կստորագրվի Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կառուցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր: Գազատարով ադրբեջանական գազը կհասցվի Եվրոպա, ի դեպ, սեփական խողովակաշարով: Նոր գազային մագիստրալն իրական այլընտրանք կդառնա Nabucco նախագծին, որը ժամանակին ենթադրում էր Ադրբեջանի մասնակցություն, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Ակնկալվում է, որ ստորագրման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Նեզավիսիմայա գազետա»-ի տվյալներով` Ստամբուլում կստորագրվի երկու փաստաթուղթ` TANAP-ի կառուցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր և գազատարի կոնսորցիումի ստեղծման մասին առևտրային համաձայնագիր: Կոնսորցիումի հիմնադիրները կլինեն Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (80%), թուրքական Botas պետական գազային և Turkiye Petrolleri նավթային ընկերությունները (20%): Հետագայում կոնսորցիումին կարող են միանալ և այլ միջազգային նավթագազային ընկերություններ: «Մենք մտադիր ենք այս տարվա ընթացքում լուծել նախագծի հետ կապված բոլոր հարցերը, և, ժամանակ չկորցնելով, անցնել շինարակական աշխատանքներին, որպեսզի նոր խողովակաշարը պատրաստ լինի արդեն մինչև 2017 թ.-ը»,- ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Գազատարի երկարությունը կլինի մոտ 2.000 կմ: Ադրբեջանից սկիզբ առնող գազատարը Թուրքիայի տարածքով կձգվի մինչև Հունաստան կամ Բուլղարիա: Առաջին փուլում դրա թողունակությունը տարեկան կլինի 16 մլրդ խմ, երկրորդում` 20 մլրդ խմ, երրորդում, հնարավոր է, կավելանա` հասնելով մինչև 24 մլրդ խմ: Շինարարության առաջին փուլի արժեքը գնահատվել է 7-8 մլրդ դոլար:
Tuesday, June 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment