Monday, August 1, 2011

Սաակաշվիլիի համար Ադրբեջանի թշնամին Վրաստանի թշնամին է

News.am. 1-8-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին The Business Year ամսագրի հատուկ The Business Year - Azerbaijan 2011 համարին հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի թշնամին նաև Վրաստանի թշնամին է։
«Երկու երկրներն էլ լուրջ խնդիրներ ունեն՝ կապված չկարգավորված հակամարտությունների հետ, և Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու երկրների թշնամին է։ Մեր ուժը միասնության մեջ է, և դա լոկ խոսքեր չեն, այլ՝ իրականություն»,- ասել է նա։
Վրաստանի նախագահի խոսքերով՝ նրանք, ովքեր ձգտում են քակտել Ադրբեջանի ու Վրաստանի միասնությունը, դեմ են ռազմավարական երկկողմանի գործընկերությամբ ամրապնդված՝ երկու երկրների ազգային շահերին։
«Վրաստանն ու Ադրբեջանը պետք է նեցուկ լինեն իրար՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը։ Մենք ընդհանուր հայացքներ ենք կիսում, ամուր կապեր ունենք։ Ես համոզված եմ, որ շնորհիվ մեր միասնության ու լավ հարաբերությունների, ինչպես նաև ընդհանուր ջանքերով գրանցված հաջողությունների՝ մեր երկրները կկարողանան լավագույն ապագա կերտել»,– ասել է Սաակաշվիլին։
Խոսելով համատեղ նախագծերի հաջող իրականացման մասին՝ Սաակաշվիլին հատուկ ընդգծել է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու կառուցման նշանակությունը։ Նրա խոսքերով՝ այս նախագիծը վկայում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի մասին։
«Ըստ էության, «Մետաքսի ճանապարհի» ժամանակակից տարբերակն է ստեղծվում»,– պարզաբանել է Վրաստանի նախագահը։

No comments: