Tuesday, August 23, 2011

Իրանական կայք. ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի հայտարարությանն ի պատասխան, Բաքուն կրոնական նոր գործիչների է ձերբակալել

Panorama.am. 22-8-2011- «Ադրբեջանում ձերբակալված 3 կրոնական գործիչների ձերբակալությունը, ինչպես նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հայտարարության մեջ Իրանի մշակույթի կենտրոնի հիշատակումը ադրբեջանական կողմի պատասխանն էր ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադիի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նախազգուշական հայտարարությանը»:
Այդ մասին նշված է իրանական «ղաֆղազ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ձերբակալված անձանց Ադրբեջանի ուժային կառույցները մեղադրում են Իրանի հետ համագործակցության մեջ և այդ քայլով Ադրբեջանը փորձում է պատասխան տալ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության վերաբերյալ նշված էր ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը:
Ես մի անգամ ևս նախազգուշացրել եմ, որ Արանի ժողովրդի երակներում իրանցու արյուն է հոսում և նրանց սիրտը բաբախում է առ իսլամ, Ղուրան և Ալի ունեցած սերը:
Հույս ունեմ, որ պարոն Ալիևը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, եթե ոչ, վերջը սև է լինելու, ժողովրդական զարթոնքը ճնշման ենթակա չէ»:
Նկատենք, որ իրանցի պատմաբանները և վերլուծաբանները իրենց հոդվածներում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մասին խոսելիս հաճախ այն անվանում են Արան և, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ:
1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ.-ին առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:

No comments: