Friday, August 12, 2011

Իսրայելը Թուրքիային «մեծ փողեր» է խոստացել` ներողության փոխարեն. աղբյուր

News.am. 12-8-2011- Իսրայելը ոչ պաշտոնական ճանապարհով Թուրքիային նոր առաջարկ է ուղարկել` երկու երկրների միջեւ առկա կոնֆլիկտը լուծելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ կոնֆլիկտը ծագել էր, երբ Իսրայելի ուժերը գրավել էին Գազայի հատված շարժվող թուրքական Mavi Marmara նավը, որի ժամանակ սպանվել էր 9 թուրք:
«Անկարան պահանջում է ներողություն խնդրել եւ 50 հազար դոլարի փոխհատուցում վճարել սպանվածների ընտանիքներից յուրաքանչյուրին: Իսրայելը այլ կարծիքի է. Թել-Ավիվն առաջարկում է ներողության փոխարեն ափսոսանք հայտնել եւ կրկնակի մեծացնել փոխհատուցման գումարի չափը»,- հաղորդում է իսրայելական ISRAland կայքը:
Ինչպես գրում է Israel Info-ն, Անկարան դեռ լռում է: Միաժամանակ, ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պնդում է, որ Իսրայելն ու Թուրքիան ինչ-որ համաձայնության գան` նախքան Փալմերի հանձնաժողովի զեկույցի հրապարակումը:
ՄԱԿ-ի հանձնաժողովը` Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերի գլխավորությամբ, ուսումնասիրել է Mavi Marmara նավի գրավման հանգամանքները, որի հետեւանքով ծանր վնասվածքներ են ստացել իսրայելցի զինվորները եւ զոհվել 9 թուրք:
Զեկույցում օրինական է համարվում Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը, բայց դատապարտվում է իսրայելցի զինվորների գործողությունները: Զեկույցը կարող է հիմք դառնալ արտասահմանում իսրայելցի զինվորների նկատմամբ դատական հետապնդում սկսելու համար:
Փալմերի զեկույցի հրապարակումը բազմաթիվ անգամ հետաձգվել է, իսկ վերջին հետաձգման ժամկետն ավարտվում է 10 օրից:

No comments: