Monday, August 15, 2011

Թեհրանը հերքում է. Մուրադ Քարայըլանը չի ձերբակալվել

Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 2-րդ դեմքը` Մուրադ Քարայըլանը, ձերբակալվել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Քարայըլանի ձերբակալության մասին տեղեկությունը իրանական և թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրվելուց հետո Դավութօղլուն զանգահարել է իր իրանցի գործընկերոջը: Սակայն Սալեհին ասել է, որ պաշտոնական Թեհրանը չունի PKK-ի առաջնորդի ձերբակալության մասին որևէ տեղեկություն:
Բացի այդ, Թեհրանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հանդիպել է Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաադդին Բուրուջերդիի հետ, ով, ինչպես պնդում էին ԶԼՄ-ները, իբր հայտարարել էր Քարայըլանի ձերբակալության մասին:
Սակայն թուրք դեսպանի հետ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյան հերքել է այդ լուրերը` ասելով. «Ես չեմ ասել, թե Քարայըլանը ձերբակալվել է»:

No comments: