Monday, August 1, 2011

Էրդողանը կոտրեց բանակի ողնաշարը. Der Spiegel

Tert.am. 1-82011- Թուրքական բանակն անձնատուր եղավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel հեղինակավոր պարբերականը` մեկնաբանելով օրեր առաջ թուրքական սպայակույտի հրաժարականը:
Գերմանական պարբերականը գրում է, որ տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ամրապնդելու վարչապետ Էրդողանի դիրքերը:
«Էրդողանին հաջողվեց կոտրել բանակի ողնաշարը: Բանակն անձնատուր եղավ իշխանության գլուխ կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Զինված ուժերի դիրքերն այլևս առաջվանը չեն լինելու: Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասավ իր հզորության գագաթնակետին: Սակայն թե այստեղ ժողովրդավարությունն ինչքանով է շահում, հետո կերևա»,- գրում է Der Spiegel-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրաժարական են տվել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ըշըք Քոշաները, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Էրդալ Ջեյլանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայան և ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էշրեֆ Ուղուր Յիղիթը:
Սպայակույտի հրաժարականից ժամեր անց հրաժեշտի ելույթով հանդես եկավ գեներալ Քոշաները, ով հայտարարեց, թե իրենց հրաժարականի հիմնական պատճառը զինվորականների ձերբակալություններն են:
«Ներկա պահին կալանավորված են 250 գեներալներ, ծովակալներ, սպաներ, ենթասպաներ, որոնցից միայն 77-ն են պաշտոնաթող։ Հաշտվել ստեղծված իրավիճակի հետ ուղղակի անհնար է։ Բացի այդ, շարունակվող ձերբակալությունների միջոցով փորձ է արվում արատավորել Թուրքիայի Զինված ուժերի բարի համբավը և մեդիայի օգնությամբ հանրությանը այն ներկայացնել որպես մի հանցախումբ»,– ասել էր Քոշաները:

No comments: