Monday, August 1, 2011

Թուրքիայում հայերը ուխտ են կատարել Սասնա Մարութա սարում

News.am. 1-8-2011- Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սասունի Մարութա սարի գագաթին գտնվող մատուռում մի խումբ հայեր իրականացրել են իրենց ավանդական ուխտը։
Թուրքական Batman Postasi կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բաթման նահանգում գտնվող Սասունի քաղաքապետարանի եւ քայմաքամի կողմից կազմակերպած վերելքը դեպի Մարութա լեռ սկսվել է հուլիսի 31–ին ժամը 4:00-ին: Վերելքին մասնակցել են աշխարհի տարբեր վայրերից ժամանած սասունցի հայեր, որոնց պապերը փրկվել են Հայոց ցեղասպանությունից, տեղի բնակիչներ եւ մի խումբ թուրք լեռնագնացներ:
Գագաթ հասնելուն պես, հայերը մտել են մատուռը, մոմ վառել եւ աղոթք արել: Կրոնական արարողության համար Ստամբուլից Սասուն եկած հայ հոգեւորական Ջեզո Յուքսելը նշել է, թե իրենք ցանկանում են, որ տեղի իշխանությունները վերանորոգեն փլուզման վտանգի տակ գտնվող եկեղեցին:
Դեպի Մարութա լեռ վերելքին մասնակցել է նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Զիվեր Օզդեմիրը:
Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։

No comments: