Saturday, September 17, 2011

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Azg.am-17-9-2011-Վերականգնման ծախսը հոգացել է համանուն հիմնադրամը
Դիարբեքիրի Ս. Կիրակոսը տարածաշրջանի խոշորագույն հայկական եկեղեցին է: Եկեղեցու հատակը զբաղեցնում է 1300 քառ. մետր, տեղակայված է 3 հազ. քառ մետր ընդհանուր տարածք ունեցող համալիրում, որն ունի նաեւ վանատուն, մատուռ, դահլիճ, ճաշարան եւ դպրոցի մեկ շենք: Առայժմ վերականգնման է ենթարկվել եկեղեցու շենքը, համալիրին կից կառույցների վերանորոգումը նախատեսվում է հետագայում:
Անդրադառնալով սեպտեմբերի 16-ի համարում Ս. Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքներինՙ թուրքական «Թարաֆը» նշում է, որ դրանք սկվսել են 2 տարի առաջ եւ արդեն ավարտվել, բայց առանց զանգակատան, որը իշխանությունները քանդել են 1915-ին, պատճառաբանելով, թե բարձրությամբ գերազանցում է շրջակա մզկիթների մինարեթներին:
Հատկանշական է, որ այս եկեղեցին, ի տարբերություն մնացածների, ոչ թե թուրքական պետության սեփականությունն է, այլ պատկանում է «Ս. Սարգիս-Կիրակոս հայկական եկեղեցու» հիմնադրամին: Այդ իսկ պատճառով «Թարաֆն» անմիջականորեն դիմել է հիմնադրամի տնօրեն Վարդգես Էրգունին, որն ասել է. «Եկեղեցու տանիքը հողածածկ էր, հետեւաբար եւ փլված, եթե 2 տարի առաջ մեզ չհաջողվեր սկսել վերակագնման աշխատանքները, ապա հիմնահատակ ավերվելու էր»:
Վերականգնման աշխատանքներին նյութապես աջակցելու համար հիմնադրամը ժամանակին դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը եւ Դիարբեքիրի նահանգապետարանին, բայց ապարդյուն: Թերեւս դրական է արձագանքել մշակույթի նախարարության հիմնադրամների գլխավոր վարչությունը, նույնիսկ համաձայնվել է իր միջոցներով վերանորոգել, բայց թանգարանի վերածելու պայմանով: Առաջադրված նախապայմանն էլ Ս. Կիրակոս հիմնադրամն է մերժել, որից հետո վերականգնման ծախսերի 1/3-ը հոգացել է Դիարբեքիրի քաղաքապետարանը, իսկ մնացածի համար հանգանակություն են հավաքել թուրքահայ համայնքում եւ սփյուռքում:
Քանի որ Դիարբեքիրում հայ չկա, Ս. Կիրակոս եկեղեցին ծխական չի ունենա: Նկատի ունենալով այս հանգամանքը, «Թարաֆը» հարցրել է հիմնադրամի տնօրեն Վարդգես Էրգունին, թե ինչու է մերժել եկեղեցուՙ թանգարանի վերածելու պայմանով վերականգնումը: Իսկ նա պատասխանել է. «Ս. Կիրակոսը ներկայիս Թուրքիայի տարածքի ավելի քան 2000 եկեղեցիների մեջ քիչ թե շատ կանգուն մնացած հազվագյուտ նմուշներից է: Համարվում է մեր հիմնադրամի սեփականությունը: Դիարբեքիրում համայնք չունենք, հետեւաբար հաճախակի ժամերգություն անել չենք կարող: Սակայն միաժամանակ ցանկանում ենք, որ լինի գործող, որպեսզի կարողանանք առանց որեւէ պետական մարմնի թույլտվության պատարագ մատուցել այնտեղ»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: