Saturday, September 17, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԶՍՊՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Azg.am-17-9-2011-Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը, ըստ Oxford Analytica միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնի, երեք հիմնական սպառնալիքներ է պարունակում: Առաջինը, ըստ Ղարաբաղի շուրջը նոր բախումների հնարավորութան մասին զեկույցի, բախումների վերսկսման դեպքում կվտանգվեն էներգակիրների փոխադրման ուղիները, օրինակ` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, միջազգային շուկաներում շեշտակի կաճի նավթի գինը:
Երկրորդը, «Ազատության» փոխանցմամբ, այն միջանցքի վտանգումն է, որն անցնում է Ադրբեջանի օդային տարածքով եւ որով Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրականացնում է Աֆղանստան ռազմական փոխադրումների ավելի քան 70 տոկոսը:
«Երրորդ` Ռուսաստանը կարող է միջամտել կոնֆլիկտին եւ հզորացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի հետեւանքով Վրաստանը կհայտնվի է՛լ ավելի մեկուսացված վիճակում: Բացի դրանիցՙ դա կդառնա խոչընդոտ Հայաստանում եւ Ադրբեջանում դեմոկրատական բարեփոխումների համար», եզրակացնում է զեկույցը:
Ըստ Oxford Analytica-ի փորձագետներիՙ Լեռնային Ղարաբաղի խնդիրը է՛լ ավելի վտանգավոր եւ արյունալի կլինի, եթե խնդրին միջամտեն Ռուսաստանը, Թուրքիան կամ Իրանը: Դա, ըստ փորձագետների, կունենա ավելի ավերիչ հետեւանքներ, քան Հարավային Օսիայի շուրջ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմը:
Զեկույցը կազմած փորձագետների որոշ դատողություններ առանձնակի ոչ նոր են, ոչ էլ հիմնավորված են երեւում, բայց ըստ Oxford Analytica-ի վերլուծաբանների, զսպող հանգամանքը ոչ այնքան միջազգային հանրության ճնշումն է, որքան Ադրբեջանի զինված ուժերի սահմանափակ կարողությունը:
Ընդունելով 90-ականների սկզբին պատերազմի ելքը որպես Ադրբեջանի պարտություն` զեկույցում կարծիք է հայտնվում, որ Ադրբեջանը չի մերվել պարտությանը եւ շարունակելու է բանակի հզորացման քաղաքականությունը: «Ադրբեջանի համար անցած դարի 90-ական թվականներին կրած նվաստացուցիչ պարտությունը սոսկ հայաբնակ տարածքի կորուստ չէ: Ադրբեջանը 1994 թվականին զրկվել է նաեւ Ղարաբաղին հարող շրջաններից: Այդ պարտությունը ցավ պատճառող համազգային նսեմացում է»:
Սակայն, ըստ Oxford Analytica-ի վերլուծաբանների, ադրբեջանցիների մեծ մասը հավատում է, որ պարտությունը վերջնական չէ, ինչն էլ նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որում առավել ակտիվ է նախեւառաջ Ադրբեջանը: «Թեեւ Ադրբեջանը բանակին փոխանցում է շատ միջոցներ, դրանք արդյունավետ կերպով չեն տնօրինվում, քանի որ, չնայած այդ հատկացումներին, զինված ուժերի իրական մարտունակությունը տպավորիչ չէ», եզրակացնում են փորձագետներըՙ որպես պատճառներից մեկը նշելով Ադրբեջանի զինված ուժերում համատարած կոռուպցիան:

Oxford Analytica-ի զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով տեղակայված ադրբեջանական ուժերի ցածր որակն ինքնին վտանգավոր գործոն է, քանի որ անորակ ստորաբաժանումների ոչ պրոֆեսիոնալ եւ վատ հաշվարկված անկանխատեսելի գործողությունները կարող են հանգեցնել նոր պատերազմի:

No comments: