Sunday, September 25, 2011

ԼՐԱՑԱՎ ԱՍԱԼԱ-Ի «ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

 Վան Գործողութիւնը՝
Վ. Սիսլեանի նկարագրութեամբ
Մաս Ա.
1981 թվի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղնի Բանակի մարտիկները գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը և մոտ 16 ժամ պահեցին իրենց ձեռքում: Սա հայ ահաբեկչական կազմակերպությունների հերթական գործողություններից մեկն էր, որոնց մասին մենք այնքան քիչ բան գիտենք: Վերջերս Հայաստանում էր «Վան» անվանված այս գործողության ղեկավար ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ, որին և խնդրեցինք պատմել ահաբեկչական պայքարի նպատակների և «Վան» գործողության մանրամասների մասին:
1981-ից մի քանի տարի առաջ գաղտնի բանակի կազմում էի: Մարզումներ էինք անցկացնում: Ըստ գործողության բնույթի՝ ղեկավարները թեկնածուներ էին առաջարկում: Ինձ առաջարկեցին ստանձնել «Վան» գործողության ղեկավարությունը, ես մեկ շաբաթ մտածեցի և որոշեցի ունենալ երեք ընկերներ՝ Գևորգ Գյուզելյան (փոխղեկավար, ծնվ. 1960 թ.) Արամ Բասմաճյան (1960), Հակոբ Ջուլֆայան ( 1960 ): Որոշ ժամանակ անց, սեպտեմբերի 21-ին, բոլորս հավաքվեցինք Փարիզում: Ես 19-ին էի հասել, պետք եղած հետախուզական գործերը կատարել էի, ունեի թուրքական հյուպատոսարանի անհրաժեշտ գծագրերը: Մենք նպատակադրել էինք գրավել հյուպատոսարանը, որովհետև այն ամբողջ Եվրոպայի թուրքական գաղտնի սպասարկության կենտրոնն էր, որտեղ հայ գաղութների դեմ աշխատանքներ էին ծրագրվում:
Զինյալ պայքարը միջոց մըն էր, որ հայ հարցի լռության պատը փլենք, աշխարհին իմացնենք, որ հայ ժողովուրդը կա և իր արդար իրավունքները կպահանջե: Երկար տարիներ խաղաղ միջոցներու անօգուտ դիմել ենք, մնում էր զինյալ պայքարը: Մեզ կպարտադրվեր դիմել զենքին, ուրիշ ճանապարհ չկար: «ՎԱՆ» գործողության հատուկ պահանջներն էին.

1. անմիջապես ազատ արձակել Տեր հայր Մանվել Երկաթյանը և Տեր հայր Հրանտ Գյուզալյանը, որոնք Թուրքիայում ձերբակալվել էին այն բանի համար, որ հայությունից հեռացած հայ մանուկներին փնտրել- գտնելով հայերեն էին սովորեցնում:

2.ազատ արձակել Թուրքիայի բանտերից բոլոր հայ քաղաքական բանտարկյալները .

3. նաև ազատել հինգ քուրդ և հինգ թուրք քաղբանտարկյալներ, որոնք պայքարած էին Թուրքիայի ֆաշիստ վարչակարգի դեմ.

4. հիմնել միջազգային հանձնախումբ, որ հայկական գրավյալ հողերու վրա թուրքական բանակի ավերած, թնդանոթներու թիրախ դարձած կոթողները պաշտպանե: Մեզ պետք է պատասխանեին 12 ժամից, եթե ոչ ասել էինք պիտի պայթեցնենք հյուպատոսարանը:

Մաս Բ.
Գործողությունը կատարող խմբակի անունն էր «Եղիա Քեշիշյան», որը իր ընկերոջ՝ Զավեն Աբետյանի հետ սեպտեմբերի 17-ին նահատակվեցավ Թեհրանի մեջ թրքական հաստատության դեմ հարձակման ընթացքին: Գործողության ըսկիզբը որոշված էր ճիշտ ժամը 11-ին: Երկուական հոգով տարբեր կողմերից հասանք այն շենքի մոտ, որի առաջին հարկում հյուպատոսարանն էր: Դռան առջևի երկու Ֆրանսացի ոստիկանների կողքից դյուրությամբ, առանց կասկած արթնացնելու անցանք: Միջանցքում արդեն թուրք ոստիկան կար, որմե ևս կրցանք աննկատ անցնիլ: Մնաց գլխավոր մուտքի թուրք ոստիկանը, որուն զինաթափ ընելով ստիպեցինք, որ դուռը բանա, ու ներս մտանք: Ներսում մեր սպասածից ավելի շատ մարդ կար՝մոտ 120 հոգի՝ պաշտոնյաներ և հաճախորդներ երկու սրահներում: Զինված՝ ամեն մեկս իր դիրքը գրավեց: Իմ ձեռքին ատրճանակ էր, Գևորգը ատրճանակ և նռնակ ուներ, Արամը՝ երկու նռնակ, Հակոբը՝ կալաշնիկով գնդացիր: Վերցրել էինք նաև երեք կիլոգրամ պայթուցիկ նյութեր: Արամը որոշվածի պես գոռաց՝ մենք հայեր ենք, ԱՍԱԼԱ-ի մարտիկներ, բոլորդ պառկեք գետնին: Երկրորդ սրահում նույնը արեց Գևորգը: Հյուպատոսարանի ապահովության պատասխանատու թուրք սպան մոտեցավ Գևորգին կրակեց և վրիպեց, ձեռնամարտ եղավ, Գևորգը ատրճանակի մեկ զարկով սպանեց թուրքին: Ժողովրդի մեջ իրարանցում սկսվեց, ով կրցավ փախավ, ով կրցավ՝ պատուհանեն թռավ, մենք էլ թույլ տվինք, որ պատանդների մոտ կեսը փախչի եւ մեր գործը հեշտանա: Հակոբը գնդացիրով ուղվեց դեպի փոխհյուպատոսի սենյակը, որն ատրճանակն առած մտել էր կողքի լվացարանը: Հակոբը հասավ դռանը, թուրքը առանց բացելու, հաստ դռան հետևից յոթ-ութ անգամ կրակեց, որոնցից վեցը դիպավ Հակոբին: Հակոբը կրակեց դռան վրա և ետ քաշվեց:
Մաս Գ.

Մոտ 60 պատանդ էր մնացել շենքում՝ 50 թուրք, չորս պոլսահայ և մի քանի ֆրանսիացի: Վայրկյաններ անց ֆրանսիացի ոստիկանները փորձեցին գլխադուռը ջարդելով ներս մտնել, ես և Գևորգը, մի քանի գնդակներ պարպելով, ստիպեցինք ետ քաշվել: Հանդարտություն տիրեց: Ետնամուտքից մի ֆրանսիացի ոստիկան էր վեր ելել, դռան ճեղքին նայեց, ես դիմացն էի, իմ կողմն ուղղեց երկու գնդակ: Ես ծանր վիրավորվեցի, փամփուշտը կրծքիցս գնաց մինչև ոտքս, արձակեցի չորս գնդակ, ոստիկանը փախավ: Ասկե ետք ամբողջ հյուպատոսարանը մեր տրամադրության տակ էր: Դրսում հավաքված էին մոտ 2 հազար ֆրանսիական զինվորներ: Մեր առաջին գործը եղավ հեռաձայնել միջազգային լրատվական կենտրոններին և հանձն առնել գործողությունը ԱՍԱԼԱ-ի անունով: Պատանդները պառկած էին հատակին: Սենյակներում թաքնվածներ կային, ամենքին ժողվեցինք մի տեղ: Դասդասեցինք պատանդները, մի ոստիկանից ատրճանակն առանք: Դուրսը՝ Հոսմանի բուլվարի վրա, հսկայական ժողովուրդ էր կուտակվել: Խուզարկությունից, ամեն ինչ կարգի գցելուց հետո արդեն մոտ երկու ժամ անցել էր, և ոստիկանությունը պաշարել էր ամբողջ շրջանը: Հարյուրից ավելի մամուլի և հեռուստատեսության թղթակիցներ փողոցի մյուս կողմում էին: Գևորգը մի պատանդի հետ պատուհան ելնելով՝ մեր պահանջների թուղթը տվեց ոստիկանությանը՝ թուրք կառավարությանը հանձնելու: Մի թուղթ էլ նետեցինք, պահանջելով, որ թղթակիցներից մեկը վերցնի և կարդա բոլորին: Ես ու Հակոբը վիրավորված էինք, Արամը հսկում էր պատանդներին, հյուպատոսարանը պայթուցիկներով ականապատելը Գևորգին մնաց: Երբ վերջացրեց, պատուհանի մոտ կանչեց ոստիկան մասնագետին, բացատրեց, թե ինչ կարգով է ականապատված շենքը, որպեսզի չփորձեն ներս մտնել: Շատ լաւ հասկացան: Մինչև գործողության վախճանը ոստիկանությունն այլևս չփորձեց գրավել շենքը:

Մաս Դ.
Ժամը 3-ին մոտ էր, երբ սրտի հիվանդություն ունեցող մի Ֆրանսիացի պատանդ վատ զգաց: Պահանջեցինք, որ մեքենայի միջից դեղերը բերեն: Քիչ հետո լվացարանից օգնության ձայներ առանք, Գևորգը մոտեցավ, դուրս բերեց վիրավոր փոխ-հյուպատոսը: Ներսի թուրք պաշտոնյաներից մի քանիսը ասացին, որ դպրոցներից իրենց զավակներին վերցնելու ժամն է, խնդրեցին հեռաձայնել հարազատներին: Արտոնեցինք, պայմանով, որ միայն այդ մասին խոսեն: Հայերը խնդրեցին իրենց ազատ արձակել, մերժեցինք՝ բացատրելով , որ այդ դեպքում չեն ազատվի թուրքերից, իրենց դուրս գալը ավելի վատ կլինի հենց իրենց համար: Ներսում իրավիճակը բավականին հանդարտած էր, իմ վիճակն էր շատ ծանրացել: Մեր պահանջները, որոնց հետ կար համառոտ պատմական տեղեկատվություն ցեղասպանության մասին, մի ֆրանսիացու խնդրեցի կարդալ պատանդներին, իսկ մի թուրքի՝ թարգմանել: Զրույցի նման բան սկսվեց: Ժամը հինգն անց էր քառորդ: Դժվարությամբ կշնչեի: Գևորգը սկսեց բանակցել ֆրանսիացիների հետ՝ ասելով, որ խմբակի անդամներից մեկը վիրավոր է, կուզենք դուրս բերել՝ լավ բուժելու և քաղաքական ապաստան տալու պայմանով: Ատոր դիմաց դուրս պիտի հանեինք վիրավոր փոխհյուպատոսը: Բանակցությունները մոտ մեկ ժամ տևեցին: Ֆրանսիայի ներքին գործոց նախարար Կաստոն դը Ֆերը հեռաձայնով խոսեց մեզ հետ և ընդունեց մեր պայմանները: Կամաց-կամաց ոտքի ելա, 10-15 րոպե տևեց մինչև իջա ներքև: Փողոցի մեջտեղը մնացի և հաղթանակի նշան արեցի մինչև հիվանդակառքի մոտենալը: Գևորգին ասացի, որ հիվանդանոցից կզանգահարեմ, և արդեն չկարողանալով մեքենա մտնել, ընկա: Հիվանդանոցից հեռաձայնեցի Գևորգին, պատվիրեցի որոշված ձևով շարունակել ու հաջողություն մաղթեցի: Դրանից հետո մի քանի րոպե հետո այլևս ոչինչ չեմ հիշում: Հիմա ասում եմ այն, ինչ ընկերներս են պատմել:
Մաս Ե.
Վիրավոր փոխհյուպատոսին և ոստիկանի դիակը դուրս են հանում: Պատանդ հայ կնոջ հետ էր երկու տարեկան աղջիկը, մայրը զանգում է հորը, հայրը գալիս է աղջկան վերցնելու: Գևորգը, որպեսզի համոզվի, որ հայրն է, աղջիկը գրկին պատուհան է բարձրանում: Ամեն անգամ պատուհանին մոտենալիս հաղթանակի նշան է անում, փոքրիկ աղջիկը ընկերացած է լինում տղաներին և նրանց հետ պտտվում է սենյակներում: Երբ Գևորգը նշան է անում, աղջիկն էլ է մատները վեր բարձրացնում:

Տրված ժամանակը լրանում էր, վիճակը ծայրաստիճան լարվում է, թուրք կառավարությունից՝ ոչ մի պատասխան: Ֆրանսիային ասած էին՝ մեր գործը չէ, դեպքը ձեր երկրում է, դուք պետք է լուծեք: Մենք նախապես հայտնել էինք, որ կպայթեցնենք շենքը, բայց իրականում նման նպատակ չունեինք: Հակոբի վիճակն էլ էր ծանրացնել:

Տասներկու և կես ժամ հետո, նույն պայմաններով Հակոբն էլ դուրս եկավ: Մոտ երկու հազար թուրքեր հավաքվել էին շենքի մոտ և մեր մահը կպահանջեին: Մյուս կողմում 4-5 հարյուր հայեր էին, թուրքերի ձայնը խեղդելու աստիճան «Հայաստան, Հայաստան» կպոռային: Կուզեին թուրքերի ձայնը չլսենք, իրենցը լսենք, և կհաջողեին: Գործողության սկզբից անցել էր 14 ժամից ավելի: Արամը և Գևորգը սկսել էին բանակցել իրենց դուրս ելնելու մանրամասների վերաբերյալ: Գիշերվա ժամը 2-ից հետո համաձայնություն եղավ: Շենքը ականազերծվեց, զենքերը տեղավորվեցին մեկ պայուսակի մեջ, 7-8 պատանդներ հրաժարվեցին տղաներից առաջ դուրս գալ, ասելով, որ իրենց ելնելուց հետո կարող են տղաներին խփել: Շքամուտքին մոտեցած ոստիկանապետը սեղմել է Գևորգի և Արամի ձեռքերը՝ ասելով՝ ես զինվոր եմ, դուք զինվոր եք, մեր միջև ոչինչ չկա: Պատանդների հետ տղաները իջնում են և ուղղվում ոստիկանատուն՝ հարցաքննության: Մոտ 16 ժամ տևած «Վան» գործողությունն ավարտված էր:

19 օր հետո ես ելա հիվանդանոցից, մեկ ամսից՝ Հակոբը: Թուրք փոխհյուպատոսը յոթ ամիս պառկեց և հիմա ծռված ման կուգա:
Մաս Զ. (վերջին մաս)
Դատավարությունը կայացավ 1984թ. հունվարի 24-ից 31-ը Փարիզի Արդարադատության պալատում: Ամեն մեկիս յոթ տարի տվեցին: 16 փաստաբաններ ունեինք, մեզ պաշտպանեցին Շառլ Ազնավուրը, Լիզ Սարյանը, Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան), Մելինե Մանուշյանը (Միսակ Մանուշյանի կինը), որոնց նամակները կարդացվեցին դատարարում: Մեզ պաշտպանեցին Հայ գաղութը և բոլոր հայ կուսակցությունները:
Բանտում որոշ ժամանակ մնալուց հետո Արամ Բասմաճյանը մահացավ: Մեզ ազատ արձակեցին 1986թ. օգոստոսի 6-ին (ըստ ֆրանսական օրենքի՝ ինը ամիսը մեկ տարի կհաշվվի): Դուրս եկանք բանտից և ուղղվեցինք Բեյրութ: Այսպես եղավ:
"Աղբյուր" (Մանկապատենական ամսագիր), (9 - 1990)

No comments: