Sunday, September 25, 2011

ՄԱԿ-ՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՏԱՑՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Դա ուղղված էր ոչ այնքան միջազգային հանրությանն ուղղորդող մեծ տերություններին, որքան դրա շարքային անդամներին

«ԱԶԳ», 24-09-2011- Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Ելույթում նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Սոմալիում տիրող աղետալի իրավիճակի վրա, ընդգծեց ՄԱԿ-ի վերակառուցման անհրաժեշտությունը, դատապարտեց Իսրայելին, վերահաստատեց Պաղեստինի անկախությանը Թուրքիայի աջակցությունը, անդրադարձավ «արաբական գարնանը», որի շրջանակներում քննադատեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Արեւելյան Միջերկրականում հորատման աշխատանքների առնչությամբ սպառնաց Կիպրոսի Հանրապետությանը, ելույթի վերջում չմոռացավ նաեւ արծարծել Ղարաբաղյան հակամարտությունը:
Այս հակամարտությունը, իհարկե, նրա առաջնահերթ խնդիրը չէր, այդ իսկ պատճառով էլ դրան ընդամենը հատկացրեց մեկ նախադասություն: Ըստ երեւույթին ցույց տալու ադրբեջանցի եղբայրներին, որ չի մոռացել սրանց այսպես կոչված հոգսերը:
Էրդողանի ելույթը Թուրքիայի տարածաշրջանային գերտերության հավակնությունների եւ տարածաշրջանում առանցքային դեր ստանձնելու նկատառումների խտացված արտահայտությունն էր: Դա ուղղված էր ոչ այնքան միջազգային հանրությանն ուղղորդող մեծ տերություններին, որքան դրա շարքային անդամներին, որոնց քվեն շուտով անհրաժեշտ է լինելու Թուրքիային երկրորդ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու համար:
Էրդողանն ասաց. «Սոմալիում տեսածս աղքատությունն ու վիշտը անհնար է բառերով նկարագրել: Մի կտոր հաց, մի կաթիլ ջուր չունենալու պատճառով տասնյակ հազարավոր երեխաների մահվան պատճառ դարձած Սոմալիի աղետը միջազգային հանրության համար սեւ բիծ է: 20 տարվա վաղեմություն ունեցող քաղաքացիական պատերազմի հետեւանքով չորացել են Սոմալիի կենսագործունեության բոլոր աղբյուրները: Սոմալիի ժողովուրդը աշխարհի աչքի առջեւ քայլ առ քայլ դեպի մահ է գնում: Նրանք, ովքեր չեն լսում Սոմալիի ճիչը, իրավունք չունեն այս աշխարհում խաղաղության, արդարության, քաղաքակրթության մասին արտահայտվելու»:
Այնուհետեւ նա անդրադարձավ ՄԱԿ-ի գործունեությանը. «Ստիպված եմ խոստովանել, որ ՄԱԿ-ն այսօր ի զորու չէ իրականացնել առաջնորդողի այն դերը, որի շնորհիվ մարդկության հույսերը գերակայեն ապագայի նկատմամբ մտավախություններին: ՄԱԿ-ը այնպես պետք է վերակառուցվի, որ որոշակի երկրների շահերն արտահայտելու փոխարեն հիմք ընդունի ողջ մարդկության հիմնարար իրավունքները»:
Ապա եւ Թուրքիայի վարչապետը շարունակեց. «Այս ամբիոնից մեկ անգամ եւս դիմում եմ Իսրայելին: Չի կարելի խաղաղությունը փոխարինել որեւէ այլ բանով: Նկատի առնելով Միջին Արեւելքում ծիլ տվող քաղաքական նոր զարգացումները, պետք է գիտակցել մշտական բախման եւ հակամարտության իրողությունը հարատեւ դարձնելու անհնարինությունը: Իսրայելը մինչեւ օրս անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 89 որոշումները, որոնք պարտավորեցնող են: Միաժամանակ նա ոտնահարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած հարյուրավոր որոշումներ: Ավելի քան ցավալի է, որ ՄԱԿ-ը Պաղեստինի ժողովրդի ողբերգական դրությունը վերացնելու հարցում առ այսօր անճարակ է մնում: Օկուպացման տակ են ոչ թե Իսրայելի, այլ Պաղեստինի հողերը: Որքան էլ Իսրայելը անհամաչափ ուժ գործադրի, նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Առանց Իսրայելի թույլտվության չեք կարող մեկ արկղ լոլիկ տեղափոխել Պաղեստին: Սա մարդկային չէ: Եթե մենքՙ միջազգային հանրության ներկայացուցիչներս, հավատարիմ ենք երկրագնդի վրա խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու ՄԱԿ-ի սկզբունքներին, ապա խաղաղությունը, հակառակ երկրում իշխող վարչակարգին, պետք է պարտադրենք Իսրայելին եւ ցույց տանք, որ ոչ մի երկիր օրենքից վեր չէ: Թերեւս դրա լավագույն միջոցը անկախ պետականություն ձեւավորելու Պաղեստինի ժողովրդի իրավունքը հարգելն է, ինչպես նաեւ Պաղեստինի պետությանը ՄԱԿ-ի անդամ դարձնելը: Թուրքիան անվերապահորեն պաշտպանում է Պաղեստինի անկախությունը: Մեր պահանջներն ակնհայտ են, Իսրայելը պետք է ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի եւ վերացնի Գազայի շրջափակումը»:
Արաբական աշխարհի զարգացումներին անդրադառնալիս Էրդողանը հուսադրող համարեց Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցող բարեփոխումները, ապա Սիրիայի օրինակով դատապարտեց ժողովրդի պահանջն անտեսող վարչակարգերին եւ ավելացրեց. «Լիբիան չպետք է հարստության մեջ չքավոր ապրի: Ներկա պահին այս երկիրն արտասահմանում ունի 170 միլիարդ դոլար կանխիկ գումար: Սակայն չի կարողանում օգտվել դրա բարիքներից»:
Ինչ վերաբերում է Կիպրոսի Հանրապետությանը, ապա Էրդողանը անպատասխանատու վերաբերմունք համարեց բնական գազի հորատման աշխատանքները, ասաց, որ այս վերաբերմունքի պատճառով Արեւելյան Միջերկրականում առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար Թուրքիան ողջամտություն է դրսեւորելու, իհարկե, առանց հրաժարվելու միջազգային նորմերից բխող իրավունքներից: Նա շարունակեց. «Եթե հունական կողմը չի դադարեցնի հորատման աշխատանքները, ապա մենք կդիմենք անհրաժեշտ միջոցների»: Վերջում Էրդողանը անընդունելի համարեց ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը եւ միջազգային հանրությունից պահանջեց ջանքեր գործադրել, քանի դեռ հիմնախնդիրը խրոնիկ բնույթ չի ստացել:
Էրդողանի ելույթը, ուղղված լինելով միջազգային հանրությանը, ծրագրային բնույթ է կրում, սակայն ելույթը ոչ այնքան քաղաքական նախաձեռնության, որքան ՄԱԿ-ին, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Իսրայելին, Եվրոմիության անդամ Կիպրոսին հակադրվելու դրսեւորում է, հազիվ թե արժանանա մեծ տերությունների հավանությանը: Քանի որ միջազգային հանրությանը ուղղորդում են այդ տերությունները, ուստի հակադրության բնույթ կրող Էրդողանի նախաձեռնությունները ավելի շուտ կձախողվեն: Այդ դեպքում արդեն դրանք Թուրքիային ոչ թե տարածաշրջանային գերտերություն դառնալու կամ տարածաշրջանում առանցքային դեր ստանձնելու հնարավորություն կտան, այլ կկանգնեցնեն այլ փաստի առջեւ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: