Friday, September 23, 2011

Կարող են մնալ Հայաստանում՝ որքան կամենան, սակայն 90 օրը մեկ պիտի դուրս գան երկրից, նորից ներս մտնեն

Tert.am. 23-9-2011- Առանց մուտքի վիզայի Հայաստան եկողը նախկինում կարող էր մնալ միայն 90 օր, իսկ մուտքի վիզայով ժամանելու դեպքում՝ 120 օր, վիզայի ժամկետը ևս 60 օրով երկարաձգելու հնարավարությամբ։ Այսինքն՝ եվրոպացին մեր երկրում կարող էր մնալ 180 օր, իսկ Ռուսաստանից կամ Ջավախքից եկողը՝ դրա ճիշտ կեսը։
«Ազդարար»-ի տեսախցիկն արձանագրել է այս օրենքի դեմ վիրահայերի բողոքը։ Սեփական մեքենայով գալու դեպքում Հայաստանը մինչ այսօր իրենց հյուրընկալել է միայն 2 շաբաթով, իսկ եթե գալիս են երթուղային տաքսով՝ առավելագույնը՝ 90 օրով։ Վրաստանի բնակիչ, ԵՊՀ ուսանող Էդգար Չախոյանը նշել է, որ իր ծնողներն իրեն տեսակցության գալիս չեն կարողանում մնալ ավելի քան տասնհինգ օր, քանի որ «պիտի գնան սահման հատեն»։
Վրաստանի բնակիչ, ԵՊՀ ուսանող Ալեքսանդր Բասենցյանը հավելել է, որ այս օրենքը խոչընդոտներ է ստեղծում հարազատների հետ կապը պահելու համար, քանի որ սահմանափակումներ կան ոչ միայն Հայաստանում գտնվելու օրերի քանակի առումով, այլև «պիտի մնաս հյուրանոցի կարգավիճակում, պիտի մնաս երեք օր կամ հինգ օր»,- նշել է նա։
Օտարերկրացիների մասին օրենքի փոփոխությունների հեղինակները վստահեցրել են, որ օրենքի ընդունումից հետո վիրահայերը գոհ կլինեն։ «Սա հնարավորություն կտա ցանկացած 90 օրը մեկ դուրս գալ և նորից վերադառնալ Հայաստան»,- նշել է «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նոր օրենքով նրանք նաև ազատվում են սահմանը հատելու դեպքում սեփական գույքի (օրինակ՝ ավտոմեքենայի) համար նախկինում գանձվող հավելյալ գույքահարկից։ Այսինքն՝ արդեն վիրահայը կարող է Հայաստանում մնալ՝ որքան ցանկանա, սակայն պարտավոր է 90 օրը մեկ հատել սահմանը։

No comments: