Monday, September 5, 2011

Նոր մանրամասներ «Եղնիկների» դեպքից

Panorama.am.5-9-2011- ««Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին տուժող Աղասի Աբրահամյանը գիշերը 3-ից 3:30-ի սահմաններում զորանոցից դուրս է գալիս բնական պահանջը հոգալու։ Սակայն զուգարան գնալու փոխարեն մոտենում է մի ծառի։ Պահակային ծառայություն իրականացնող զինվորը նրան նկատողություն է անում։ Աղասին էլ մատը տնկում է՝ թե այս ինչ ես ասում», -«Հայլուր»-ի հետ զրույցում «Եղնիկներում» կատարվածը վերարտադրել է գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
Վերջջինիս պատմելով լեզվակռվի արդյունքում ծեծ է հասունանում, և Աղասին զորամաս հասնելուն պես, վատանում՝ վայր է ընկնում, և սկսում փսխել։ «Որոշ ժամանակ անց (դա դեռ պետք է պարզել, թե՝ երբ) նրան տեղափոխում են զորամասի բուժկետ, մոտ 30կմ հեռու և այնտեղ սկսվում է ամենասարսափելին։ Ծանր վիճակում գտնվող զինվորին ժամեր շարունակ թողնում են անօգնական վիճակում՝ գետնին, անգիտակից վիճակում։ Ժամը 16-ից հետո միայն գալիս է բուժկետի պետը, ով ևս, ըստ գործի նյութերի, երկու անգամ հարվածում է Աբրահամյանի դեմքին, հայհոյում՝ իբրև թե նա գլուխ պահող է, սկսում է ոտքով հարվածներ տեղալ։ Այնուհետև Աղասիին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա մահանում է։
Բոլոր հարցերի պատասխանը կարելի կլինի ստանալ միայն դատաբժիշկների եզրակացությունից հետո։ Այդ ժամանակ կպարզվի, թե զինվորը ո´ր վնասվածքներն է ստացել զորանացում՝ ծեծկռտուքի ժամանակ, և ո´րը բուժծառայության պետի հարվածներից։ Եվ արդյո՞ք նա ողջ չէր մնա, եթե ժամանակին պատշաճ բուժօգնություն ստանար»,- դեպքի մանրամասներն այսպես է ներկայացվել լրատվական ծրագրի ռեպորտաժում:
Նշված ռեպորտաժում ներկայացվել է նաև մեղավոր անձը, որի մեղքը գործի նախաքննության ընթացքում հաստատվել է: Ցուցադրվել են նաև Աղասի Աբրահամյանի ծառայակից ընկերները, որոնք նշել են, որ տղան ոչնչով չէր տարբերվում և հանգիստ իր ծառայությունն էր կատարում:
Այս գործի շրջանակներում մեկ սպան` բուժկետի պետը կալանավորված է, և ինչպես ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել էր զինդատախազ Կոստանյանը, չի բացառվում, որ մեղադրյալների թիվն ավելանա: «Հանցագործությանն առնչվող բոլոր և ցանկացած մարդ միանշանակ և մաքսիմալ ձևով ենթարկվելու է պատասխանատվության», -հայտարարել էր նա:

No comments: