Wednesday, September 28, 2011

Ադրբեջանի հաջորդ նախագահը կի՞ն է լինելու

News.am. 28-9-2011- Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները գալիս են փաստելու, որ այդ երկրում առավել ազդեցիկ քաղաքական դեմքերը հեռացվում են քաղաքական դաշտից, փոխարենը ամրապնդվում են Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի (նա Փաշաեւների կլանից է) դիրքերը: Խոսքն այն քաղաքական գործիչների մասին, ովքեր կարող էին լուրջ հավակնություններ ցուցաբերել նախագահի պաշտոնի նկատմամբ, բայց միաժամանակ նրանց կարելի է համարել Իլհամ Ալիեւի թիմակիցներ, քանզի նրանք գերազանցապես ազդեցիկ դարձան Իլհամ Ալիեւի` իշխանության գալուց հետո:
Այսպես, նշենք, որ նախագահից հետո երկրում երկրորդ ազդեցիկ դեմք համարվող Քեմալադին Հեյդարովը, ով Ադրբեջանում հայտնի է որպես «արտակարգ» նախարար (նա զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը), զգալիորեն կորցնում է իր դիրքերը, հատկապես միջազգային աղմուկ հանած «բռնցքամարտի սկանդալից» հետո, երբ նրան մեղադրեցին Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի` ԱԻԲԱ-ի վերջերս ստեղծած World Series Boxing լիգայի բյուջեում 9 միլիոն դոլարի ներդրում կատարելու մեջ`ադրբեջանցի բռնցքամարտիկների համար երկու ոսկե մեդալ ձեռք բերելու նպատակով:
Սակայն նրա հեղինակության վրա լրջորեն ազդել են նաեւ Wikileaks-յան վերջին հրապարակումները, որտեղ նա ներկայացվում է որպես Ադրբեջանի ամենակաշառակեր եւ կոռումպացված պաշտոնյա:
Լրջորեն քննարկվում է նաեւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հեռացման հարցը: Վերջինիս հեղինակությանը լուրջ հարված հասցրեցին Ադրբեջանի Ռազմական ակադեմիայի ուսանողների` «Ենի Մուսավաթ» թերթի խմբագրությանն ուղղված նամակները, որտեղ նրան նշել էին, որ նախարարի գործունեության հետեւանքով Ադրբեջանի բարձրագույն հրամանատարության 90 տոկոսը բաղկացած է թաթերից, լեզգիներից եւ թալիշներից, իսկ դա լուրջ հարված է երկրի ազգային անվտանգությանը:
Իսկ ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը իր հրապարակումներից մեկում նշել է, որ ՊՆ օղակներում քննարկվում է պաշտպանության նոր նախարարի թեկնածության հարցը: Այդ քայլով քաղաքական խաղից հեռանում է Ալիեւի թիմակից, ուժային կառույցի ղեկավար եւ ազդեցիկ պաշտոնյա Աբիեւը:
Երկրի ներքաղաքական ասպարեզում հետին պլան է մղվում նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախիջեւանյան կլանի առաջնորդ Ռամիզ Մեհթիեւը: Մասնավորապես ադրբեջանական մամուլը նշում է, որ նա խանգարում է հենց նախագահին` իր զբաղեցրած ազդեցիկ դիրքի հետեւանքով սասանելով Իլհամ Ալիեւի հզորությունը:
Այս ֆոնի վրա զգալիորեն ուժեղանում է Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի դիրքերը: Նա որպես իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանն այլընտրանքային տարբերակ, գլխավորեց Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը` այդպիսով ստեղծելով իր քաղաքական ուժը: Բացի այդ, նրա հայրական` Փաշաեւների կլանն իր ձեռքում է կենտրոնացնում երկրի կարեւագույն ոլորտները` դուրս մղելով հավանական հակառակորդներին: Մեհրիբան Ալիեւան իր գործունեությամբ որոշակի հեղինակություն է վայելում Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում: Իր քայլերով նա հող է նախապատրաստում 2013 թվի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, քանի որ, թեեւ Ադրբեջանում նախագահը կարող է առաջադրվել անսահմանափակ քանակությամբ, սակայն Ալիեւների հզորությունը երկրում եւ Արեւմուտքում սուր քննադատության է արժանանում, ուստի բացառված չէ, որ բռնապետի իմիջը ցրելու համար Իլհամ Ալիեւը «գահ»-ը ժամանակավորապես զիջի կնոջը` Մեհրիբան Ալիեւային:
Նման զարգացումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը կարող է կին լինել:
Տաթեւ Հայրապետյան

No comments: