Monday, September 19, 2011

Բակո Սահակյան. Հայրենիք-Սփյուռք համաժողովը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական մեխանիզմ է

News.am. 19-9-2011- Հայրենիք-Սփյուռք միասնությունը դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում եւ տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական համաժողովում ունեցած ելույթում:
Արցախի հանրապետության նախագահն իր խոսքում, մաասնավորապես, ասել է.«Ողջունում եւ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեկնարկի կապակցությամբ: Հայրենիք-Սփյուռք միասնությունը հանդիսանում է ինչպես հայոց անկախ պետականության գոյատեւման ու զորացման, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկը: Հենց այս միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր իսկ փորձություններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա: Այն դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում եւ տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Դա պահանջում է Հայրենիքի եւ Սփյուռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների միջեւ համագործակցության սերտացում, փոխգործակցության նոր եզրերի որոնում ու նախանշում:
Սփյուռքում այս գործընթացի առանցքային օղակ է հանդիսանում տարբեր կազմակերպությունների ղեկավարների ինստիտուտը` օղակ, որը երեւի թե ավելի լավ է տիրապետում սփյուռքահայերի կյանքի զարկերակին, համայնքներում առկա խնդիրներին եւ նրանց լուծման ուղիներին: Այս տեսանկյունից կարեւոր եմ համարում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված համաժողովը, որը կարող է դառնալ մեր ժողովրդի եւ երկու հայկական պետությունների համար կարեւորություն ունեցող թեմաների քննարկման հարթակ: Համագործակցության նման ձեւաչափը ավելի քան պահանջված է եւ պրակտիկ աշխատանքների իրականացման համար հանդիսանում է թերեւս ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:
Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այս հարթությունում աշխատել` այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական մեխանիզմ»:Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 19-ին մեկնարկել է Սփյուռքի կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի ու ԼՂՀ-ի նախագահները, Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:

No comments: