Monday, September 19, 2011

Մի քիչ էլ դուք Հայաստան եղեք

«Լրագիր» 19-9-2011- Հայկական Ժամանակ օրաթերթը հրապարակել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծառայական ավտոմեքենայի լուսանկարը, հրապարակելով նաեւ դրա արժեքը` 48 միլիոն դրամ կամ մոտ 128 հազար դոլար:
Տպավորիչ է իսկապես: Տեղեկանալով այդ մասին, ոչ միայն Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ նաեւ աշխարհի մի քանի տասնյակ առաջադեմ երկրներ, որոնք ունենալով Հայաստանի տնտեսությունից մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն, իրենց պաշտպանության նախարարներին թերեւս հատկացնում են շատ ավելի համեստ մեքենաներ:
Հայկական Ժամանակի հարցին, թե ինչ միջոցներով է ձեռք բերվել մեքենան, պաշտպանության նախարարությունը համենայն դեպս հրապարակման պահին դեռեւս չէր պատասխանել: Բայց ի՞նչ է հնարավոր պատասխանել այդ դեպքում: Ինչ պատասխան կարող է լինել այն դեպքում, երբ փոքր տնտեսությամբ, ճգնաժամային մեծ անկումից դուրս եկող պետության պաշտպանության նախարարը օգտվում է մի այնպիսի մեքենայի ծառայությունից, որն արժե 128 հազար դոլար:
Ու Սեյրան Օհանյանն իհարկե մենակ չէ այդ շքեղության մեջ: Գուցե մի փոքր էժան, բայց կրկին բավական թանկարժեք են ՊՆ գեներալների մեքենաները: Նաեւ մեր մյուս նախարարները օգտվում են բավական թանկ արժեցող մեքենաներից:
Ընդհանրապես, եթե պետությունների հզորությունն ու զարգացածությունը չափվեր իշխանական ավտոպարկի արժեքով, ապա Հայաստանը թերեւս կլիներ առաջիններից մեկն աշխարհում: Այստեղ նույնիսկ ԱԺ հանձնաժողովի նախագահն է երթեւեկում մի քանի տասնյակ հազար դոլար արժեցող թանկարժեք ավտոմեքենայով:
Իսկ Հայաստանում կան մարդիկ, որոնք երբ մի որեւէ լուրջ հիվանդություն են ունենում, ընկնում են պարտքի տակ, որ կարողանան բժշկի դիմել, կան մարդիկ ու երեխաներ, որոնք երբ ծանր հիվանդանում են, ստիպված են լինում օրեր ու շաբաթներ շարունակ համզգային հանգանակություն կազմակերպել, որ կարողանան արտասահմանում ստանալ իրենց կյանքի փրկություն հանդիսացող բուժումը, իսկ Հայաստանում կան երեխաներ, որոնք դպրոց չեն կարողանում գնալ, որովհետեւ հագուստ, կոշիկ կամ պայուսակ չունեն, իսկ Հայաստանում կան մայրեր, որոնք ծննդաբերում են, բայց փող չունեն հետծննդյան վերականգնում անցելու համար, իսկ հայրերն էլ երեխայի ծննդից հետո հեռանում են Ռուսաստան, որ կարողանան պահել նորածնին…
Իսկ իշխանությունն իր շքեղությունն է քշում, որովհետեւ ինքը Հայաստան չէ, ինքն ասել է` “Հայաստանու դու ես”, եւ քանի որ Հայաստանը դու ես, գնա գլուխդ ոնց ուզում ես պահի, երեխայիդ ոնց ուզում ես պահի, որտեղից ուզում ես կոշիկ ու հագուստ ճարի` եթե բախտդ չի բերել ու որեւէ օլիգարխի բարեգործական ակցիայի տակ չես ընկել, գնա ինչպես ուզում ես բուժվի, ինչպես ուզում ես սնվի, ինչ ուզում ես արա` Հայաստանը, մեկ է, դու ես:
Ընդհանրապես, ինչ սրտով են այդ մարդիկ, նրանց ընտանիքի անդամները նստում իրենց այդ շքեղ մեքենաները: Ինչ սրտով, մտքով ու հոգով են նրանք օգտվում այդ թանկարժեքություններից, երբ գիտեն թե ինչ է կատարվում երկրում: Իսկ եթե չգիտեն, ապա ինչով են նրանք զբաղված այդ մեքենաներում եւ իրենց աշխատասենյակներում, եթե չգիտեն, թե ինչ է կատարվում երկրում:
Հայաստանի իշխանությանը վաղուց անհրաժեշտ է ոչ միայն թանկարժեք մեքենաներից իջնել, այլ նաեւ մեքենաներից ընդհանրապես: Թող մի քիչ տրանսպորտից օգտվեն, թող մի քիչ բուժվեն սովորական պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում, որտեղ հասարակ մահկանացուներն են փորձում բուժօգնություն ստանալ, թող մի քիչ օգտվեն այն պետական հաստատությունների ծառայություններից, որոնք իրենք ղեկավարում են, ընդհանրապես թող մի քիչ շփվեն այն Հայաստանի հետ, որը տվել են շարքային քաղաքացիներին:
Թող չմտածեն, թե երկիրը դրանից կտուժի, թե պետությունը կկործանվի, եթե իրենք մի քանի տասնյակ հազարանոց մեքենաներով չշրջեն: Երկիրը չի կործանվի: Ավելին, երկիրը գուցե կսկսի զարգանալ, գոնե բարոյահոգեբանորեն, իսկ դա զարգացման կարեւոր նախադրյալներից մեկը կլինի: Թող մի քիչ էլ իրենք Հայաստան լինեն, ոչինչ, Հայաստանը չի նեղանա:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: