Thursday, September 29, 2011

Թուրքիան սպառնում է խզել Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը

Tert.am. 29-8-2011- Թուրքիան սպառնացել է խզել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը։ Անկարայում դժգոհ են, որ վերջին տարիներին Թուրքիայի համար սահմանված գազի գինը 39 տոկոսով բարձրացել է։ Փորձագետների կարծիքով՝ Թուրքիան կարող է հուսալ, որ կհասնի գազի գնի նվազեցման միայն այն դեպքում, եթե Անկարան զիջումների գնա «Հարավային հոսք» նախագծում։
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզի խոսքերով՝ Թուրքիան Ռուսաստանից պահանջել նվազեցնել բնական գազի գինը, և եթե Ռուսաստանը չարձագանքի այդ պահանջներին, Անկարան կխզի նրա հետ գազային պայմանագրերը։
Երկու երկրների միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2011–ի վերջին։ Անկարան ներկրում է ռուսական բնական գազի ու նավթի մեծ մասը, հայտնում է «Վզգլյադը»՝ վկայակոչելով Turkish Weekly պարբերականը։
«Ամենայն հավանականությամբ, սա քաղաքական հայտարարություն է։ Անկարան չի կարող միակողմանի խզել «Գազպրոմի» հետ պայմանագիրը, և առավել ևս՝ ձմռան նախաշեմին հրաժարվել գազի էական ծավալներից։ Թուրքիան, ինչպես և «Գազպրոմի» բոլոր սպառողները, ընդամենը պահանջում են նվազեցնել գազի գինը»,–կարծիք է հայտնել БКС–ի (Брокеркредитсервис) վերլուծաբան Անդրեյ Պոլիշչուկը։
Մեկ ուրիշ վերլուծաբան Ալեքսանդր Կովալյովը համաձայնում է. «Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքը դեռ համոզիչ չէ»։
Վերլուծաբանների կարծիքով՝ Անկարան ռուսական գազի գների նվազեցման կարող է հասնել միայն «Հարավային հոսք» գազամուղը Սև ծովի հատակով անցկացնելու համաձայնության դիմաց. ինչին Թուրքիան դեռ համաձայնություն չի տվել՝ լինելով միակ երկիրը, որը ձգձգում է վերոնշյալ նախագծի իրագործումը։

No comments: