Sunday, September 25, 2011

Թուրքագետներ. Անկարան ստիպված է նման քայլի գնացել

Panorama.am. 24-9-2011- «Նոր գումարման խորհրդարանում 24-րդ իրավակարգով սահմանվել և կառավարության առաջարկությամբ ներառվել էին մի շարք նախագծեր, այդ թվում՝ հայ-թուրքական արձանագրությունները: Այս խնդիրը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ Թուրքիան ուղղակի չէր կարող մի այնպիսի քայլ կատարեր, ինչի հետևանքով արձանագրությունները ընդհանրապես դուրս կթողնվեին: Այն ներառվել խորհրդարանի օրակարգում, քանի որ միջազգային հարաբերություններում Թուրքիայի համար նպաստավոր չէր լինի ընդհանրապես հրաժարվել արձանագրություններից»,- այս մասին Panorama.am-ին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհուրդը խորհրդարան է վերադարձրել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք օգոստոսի վերջին ի թիվս այլ օրինագծերի անվավեր էին ճանաչվել:
Ինչ վերաբերում է թուրքական խորհրդարանում արձանագրությունների ճակատագրին, ապա այդ հանգամանքը, ըստ թուրքագետի կրկին անորոշ է մնում:
«Թուրքական օրենսդրությունը չի սահմանում, թե օրակարգում ներառված նախագծերին ինչ ճակատագիր է սպասում: Հենց, օրինակ, հայ-թուրքական արձանագրությունների մասով, պետք է նկատել, որ հաշվի առնելով Էրդողանի վերապահված լիազորությունները, այստեղ ամեն ինչ կախված է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ու հատկապես Էրդողանից»,- ասաց Լ. Հովսեփյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը, այժմ էական որևէ խոչընդոտ չունի՝ արձանագրությունների վավերացման ընթացակարգով տանելու հարցում:
«Երբ լինի քաղաքական որոշում, արձանագրություններն արդեն համապատասխան ընթացակարգով կընթանան: Տեխնիկական որևէ խոչընդոտ չկա: Թուրքիան չէր կարող հրաժարվել ընդգրկել այդ հարցերն օրակարգում, քանի որ այդ դեպքում միջազգային հանրության մոտ էլ ավելի կընդգծվեր նրա ապակառուցողականությունը:
Այսուհանդերձ, միակ փաստն այն է, որ այսօր Անկարան ամեն ինչ կրկին տանում է հին՝ իր նախապայմանների ուղիով և ՀՀ նախագահի վերջին ելույթը ՄԱԿ-ում որում խոսվում էր Անկարայի կողմից պրոցեսի վիժեցման մասին, միանշանակ տեղին էր: Հաշվի առնելով Դավութօղլուի, Էրդողանի վերջին ամպագոռգոռ հայտարարությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացը ԼՂ խնդրին կապելու առնչությամբ ես հակված չեմ կարծելու, որ առաջիկայում Թուրքիան որևէ կոնկրետ քայլերի կգնա»,- հավելեց թուրքագետը:
Նույն հարցի շուրջ, արևելագետ Վարդան Ոսկանյանը «Panorama.am»-ի զրույցում նշեց. «Նման քայլը ինչ-որ առումով ներթուրքական բնականոն օրենսդրական գործընթացի արդյունք է: Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի օրակարգում ընդգրկելու նպատակով այդ երկրի կառավարության կողմից խորհրդարան են ուղարկվել ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունները, այլ նաև նախորդ գումարումից մնացած ընդհանուր առմամբ 166 միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի ցուցակ:
Ինչ վերաբերում է այս տեղեկատվությունը տարածած թուրքական «Takvim» թերթի այն մեկնաբանությանը, թե Անկարայի այս քայլը Երևանին ուղղված ժեստ է, ապա դա այնքան էլ այդպես չէ: Նախ՝ ինչպես նշվեց, այն ինչ-որ առումով լոկ տեխնիկական բնույթ կրող գործընթացի արդյունք է, և երկրորդը՝ թուրքական կողմը, ամենայն հավանականությամբ, նաև ստիպված է եղել նման քայլի դիմելու, քանի որ գտնվում է թե՛ միջազգային հանրության և թե՛ հենց հայկական կողմից պարբերաբար իրեն զգացնել տվող բավական լուրջ քաղաքական ճնշման ներքո: Ի վերջո, մեղմ ասած, այնքան էլ տեղին չէ սեփական պարտավորությունների կատարմանն ուղղված քայլը ներկայացնել իբր բարի կամքի դրսևորում»:

No comments: