Sunday, September 25, 2011

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Սիրելի հայրենակիցներ,
Թվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երեւանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ.
1. 2008թ. նախագահական ընտրությունները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, այլեւ ընդհակառակը, ուղեկցվել են լայնածավալ ընտրախախտումներով, լցոնումներով, ընտրակաշառքով, բռնություններով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, քվեարկության մասնակիցների թվի ահռելի ուռճացմամբ, թեկնածուների համար անհավասար քարոզչական հնարավորությունների ստեղծմամբ, որոնք էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Մասնավորապես, ամերիկյան դեսպանատան գնահատականներով՝ ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ առաջին փուլում հաղթելու համար Սերժ Սարգսյանին չի բավարարել առնվազն 6–11 տոկոս ձայն, հետեւաբար նա չի ընտրվել եւ օրինակարգ նախագահ չէ (Wikileaks. 08YEREVAN204)։
2. ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին գնահատական է տվել ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ եւ ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջեւ ձեռքբերված կոնսենսուսի արդյունքում։ Ըստ այդմ, ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը փաստորեն չի կատարել իր բուն պարտականությունը եւ, ընտրություններն անկախաբար գնահատելու փոխարեն, ենթարկվել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների կայացրած քաղաքական որոշմանը, ինչի հետեւանքով էլ այդ առաքելության զեկույցում հայտնվել է «ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին» չարաբաստիկ ձեւակերպումը՝ չարաբաստիկ այն իմաստով, որ այդ ձեւակերպումն էր, որ Հայաստանի իշխանություններին հիմք տվեց բողոքի խաղաղ ցույցերը իշխանության յուրացման փորձ որակելու եւ մարտի 1-ի սպանդն արդարացնելու համար (Wikileaks. 08YEREVAN160, 197)։
3. 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելիս ակնհայտ ճնշման ու ապօրինի թելադրանքի է ենթարկվել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը, բայց այս անգամ արդեն ոչ թե արտաքին ուժերի, այլ Հայաստանի գործադիր իշխանության կողմից։ Ըստ ամերիկյան դիվանագետների հայթայթած տեղեկությունների եւ սեփական դիտարկումների՝ դատարանը հակված է եղել բավարարել ընտրությունների արդյունքների բողոքարկմանը վերաբերող իմ դիմումը, բայց իր անդամների նկատմամբ կիրառված ահաբեկումների պատճառով եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանի պահանջով հարկադրված է եղել կայացնել հակառակ որոշումը (Wikileaks. 08YEREVAN199, 226)։
4. Բացի նախագահական ընտրություններից, զանգվածաբար ու սիստեմատիկորեն կեղծվել են նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի 2008թ. եւ Երեւանի ավագանու 2009թ. ընտրությունները։ Ավագանու ընտրությունները, մասնավորաբար, ավանդական ընտրախախտումներին զուգահեռ, ուղեկցվել են ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների, վստահված անձանց ու դիտորդների նկատմամբ կիրառված աննախադեպ չափերի հասնող բռնություններով, եւ այդ ամենի արդյունքում Հանրապետական կուսակցության հավաքած ձայներն ապօրինաբար ավելացվել են շուրջ 15–25 տոկոսով (Wikileaks. 08YEREVAN794. 09YEREVAN372)։
5. Հայաստանում հաստատված իշխանական համակարգն իր բնույթով դասական ավազակապետություն (կլեպտոկրատիա) է, որի գլխին կանգնած են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Նրանցից յուրաքանչյուրն ստեղծել է քրեաօլիգարխիկ տարրերից կազմված իր սեփական բուրգը, ինչի շնորհիվ մի քանի տասնյակ ընտանիքներ տնօրինում են երկրի համարյա ողջ տնտեսական կարողությունները, դրանք անսահմանափակորեն ծառայեցնելով իրենց անձնական հարստացման գործին եւ տնտեսական ասպարեզից դուրս մղելով մրցակից տարրերին ու մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներին (Wikileaks. 09YEREVAN798)։
6. Իշխանությունների հետ լիակատար սերտաճման շնորհիվ օլիգարխիան ձեռք է բերել նաեւ հսկայական քաղաքական կշիռ, դառնալով ավազակապետության գլխավոր հենարաններից ու ընտրությունների կեղծման ամենահիմնական գործիքներից մեկը։ Օլիգարխների դերը մեծ է հատկապես Ազգային Ժողովում, որում նրանք ապօրինաբար տիրապետող դիրք են զբաղեցնում՝ ի վիճակի լինելով ազդել երկրի գերագույն օրենսդիր մարմնի կողմից ընդունված բոլոր օրենքների ու որոշումների վրա (Wikileaks. 08YEREVAN144, 864)։
7. Լիովին խախտված ու աղավաղված է դատական իշխանության անկախության սկզբունքը։ Ըստ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2009 եւ 2010 թվականների տարեկան զեկույցների, որոնք կազմված են Երեւանի ամերիկյան դեսպանատնից ստացված տեղեկությունների հիման վրա, «Դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին։ ...Կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրված» կամ «Շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման վճիռ կայացնեն իշխանությունների համար կարեւոր, զգայուն գործերով»։
8. Տեղեկատվության էլեկտրոնային միջոցները, այսինքն՝ ռադիո-հեռուստատեսության բոլոր կայանները գտնվում են գործադիր իշխանության լիակատար վերահսկողության տակ։ Այդ պատճառով ընդդիմությունը հարկադրված է իր քարոզչությունն իրականացնել միայն փոքր տպաքանակով հրատարակվող թերթերի, տեսասկավառակների եւ հանրահավաքների միջոցով, ինչը զգալիորեն սահմանափակում է նրա հնարավորությունները հասարակական կարծիքի ձեւավորման եւ իշխանությունների քաղաքական որոշումների վրա որեւէ կերպ ազդելու գործում (Wikileaks. 08YEREVAN240)։
9. Իշխանությունները ապօրինի խոչընդոտներ են ստեղծում անգամ ընդդիմության սահմանափակ քարոզչական հնարավորությունների իրականացման համար, անհիմն պատճառաբանություններով սիստեմատիկաբար մերժելով հանրահավաքների անցկացման վերաբերյալ ներկայացված դիմումները, հանրահավաքների օրերին ոստիկանական ուժերի միջոցով փակելով Երեւան մտնող մայրուղիները (Wikileaks. 08YEREVAN204), ինչպես նաեւ հյուրանոցատերերին արգելելով քաղաքական միջոցառումների կամ նույնիսկ մամլո ասուլիսների համար դահլիճներ տրամադրել ընդդիմադիր կուսակցություններին եւ անկախ հասարակական կազմակերպություններին։ Ամերիկյան դիվանագիտական զեկուցագրերից մեկի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տասնյակ անգամներ սպառնալիքներով արգելել են ընդդիմությանը դահլիճներ տրամադրել նույնիսկ «Արմենիա-Մարիոթ» եւ «Կոնգրես» հյուրանոցների օտարերկրացի տնօրեններին (Wikileaks. 08YEREVAN1034)։
10. 2008թ. նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ իրենց քաղաքական գործունեության համար ենթարկվել են քրեական հետապնդումների, եւ շինծու գործերով ու անհիմն մեղադրանքներով դատապարտվել տարբեր ժամկետների ազատազրկման։ Նրանց դատավարություններն ընթացել են օրենքի կոպտագույն խախտումներով, դատավորներն ակնհայտորեն կաշկանդված են եղել դատախազների կանխակալ դիրքորոշմամբ, որպես կանոն, անտեսելով պաշտպանական կողմի օրինական պահանջներն ու իրավական փաստարկները։ Դատավարությունների գլխավոր նպատակը եղել է ոչ թե արդարադատության կայացումը, այլ ընդդիմության կողմից իշխանության բռնի յուրացման վերաբերյալ պաշտոնական վարկածի հաստատումը (Wikileaks. 08YEREVAN473. 09YEREVAN26, 59)։
11. Նախորդ կետի լույսի ներքո խիստ հատկանշական է, որ թեեւ ԱՄՆ-ի ու Եւրոմիության երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանի նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների գործերով ազատազրկված քաղաքացիներին երբեւէ հրապարակորեն չտվեցին «քաղբանտարկյալ» որակումը, այդ բառը, սակայն, political prisoners (քաղաքական բանտարկյալներ) եւ political detainees (քաղաքական կալանավորներ) տարբերակներով, նշված անձանց վերաբերյալ, շուրջ վաթսուն անգամ գործածված է ամերիկյան դիվանագետների խնդրո առարկա զեկուցագրերում (Wikileaks. 08YEREVAN473, 490, 511, 515, 553, 564, 580, 745, 829, 844, 854, 862, 864, 906, 951, 979, 994, 1020. 09YEREVAN71, 137, 145, 201, 299, 441, 580)։ Այսինքն՝ թե՛ այդ դիվանագետները, թե՛ ԱՄՆ կառավարությունը, անկախ իրենց պաշտոնական հայտարարություններից, Հայաստանի ազատազրկված ընդդիմադիր գործիչներին անվերապահորեն «քաղբանտարկյալ» են համարել։ Ի դեպ, մի զեկուցագրից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դեսպանի հետ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների գործերով ազատազրկված անձանց «քաղբանտարկյալ» է համարել նաեւ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, որը նույնպես երբեւէ այդ բառը հրապարակորեն չի արտասանել (Wikileaks. 08YEREVAN862)։
12. Նախագահական ընտրությունների ընթացքում եւ մանավանդ մարտի 1-ի սպանդից ու արտակարգ դրության հայտարարումից հետո զանգվածային քաղաքական հալածանքները, բացի ընդդիմադիր գործիչներից, տարածվել են նաեւ ընդդիմության համակիրների եւ անգամ հանրահավաքների սովորական մասնակիցների վրա։ Բազմաթիվ մարդիկ քաղաքական դրդապատճառներով հեռացվել են աշխատանքից՝ սկսած ինը դիվանագետներից ու գլխավոր դատախազի տեղակալից, ավարտած բուհերի դասախոսներով, ուսուցիչներով եւ բյուջետային հիմնարկների ու մասնավոր ընկերությունների շարքային աշխատակիցներով։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ գործարարներ ենթարկվել են հարկային կամայականությունների ու նույնիսկ քրեական հետապնդումների, որոնց հետեւանքով նրանցից շատերը կրել են ծանր նյութական վնասներ կամ ընդհանրապես կորցրել իրենց բիզնեսը (Wikileaks. 08YEREVAN160, 249, 297, 369, 1018. 09YEREVAN69)։
* * *
Հաստատաբար, ձեզանից շատերի համար այս տեղեկություններն ու գնահատականները, բացառությամբ որոշ մանրամասների, առանձնակի նորություն չեն պարունակում, քանի որ Հայաստանի իրականության ամերիկյան պատկերացումը գրեթե լիովին համընկնում է Հայ Ազգային Կոնգրեսի պատկերացմանը, որը վաղուց ձեզ հայտնի է։ Վստահ կարող եք լինել, որ նույն բովանդակությունն ունեն նաեւ Եւրոմիության երկրների երեւանյան դեսպանատներից ուղարկված գաղտնի զեկուցագրերը, ինչը նշանակում է, որ ողջ Արեւմուտքը ամենայն մանրամասնությամբ տեղյակ է եղել մեր երկրի ներքին կյանքի բոլոր արատավոր երեւույթներին՝ սկսած ընտրությունների սիստեմատիկ կեղծումից ու ահավոր չափերի հասնող կոռուպցիայից, ավարտած ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների համատարած ոտնահարմամբ։ Արեւմուտքը քաջ տեղյակ է եղել մանավանդ, որ 2008թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չի հաղթել եւ իշխանությունը զավթել է բռնությամբ, բայց դա իմանալով հանդերձ, որոշել է աչք փակել այդ հանգամանքի վրա եւ ամեն կերպ օրինականացնել ու ամրապնդել նրա իշխանությունը։ Այս դիրքորոշումը հստակորեն ձեւակերպել է ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Դանիել Ֆրիդը, 2008թ. հոկտեմբերին Երեւանում հայտարարելով հետեւյալը. «Հայաստանին Սերժ Սարգսյանի պես նախագահ է պետք», ինչը թարգմանաբար նշանակում է, որ Արեւմուտքին Հայաստանում Սերժ Սարգսյանի պես չընտրված, կոռումպացված եւ հանցագործ նախագահ է պետք։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ, Հայաստանի ու հայ ժողովրդի ո՞ր մեղքի համար։
Մի կողմ դնելով բարոյական կամ արժեքային ասպեկտները, կարծում եմ, այս հարցի պատասխանը պետք է փնտրել բացառապես ռեալ քաղաքականության ոլորտում։ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կառավարության համար Հայաստանին վերաբերող ամենագլխավոր, եթե ոչ միակ, խնդիրը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Այդ թեման կարմիր թելի պես անցնում է ինչպես Երեւանի, այնպես էլ Անկարայի եւ Բաքվի ամերիկյան դեսպանատներից պետքարտուղարությանն ուղարկված բազմաթիվ զեկուցագրերով։ Ուստի ակնհայտ է դառնում, որ Ամերիկան Հայաստանում որեւէ այլ ռազմավարական հետաքրքրություն չունի, բացի, թերեւս, Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, որը, սակայն, նույնպես նրա կողմից հիմնականում արժեւորվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դիտանկյունից։ Կարելի է, ըստ այդմ, վստահաբար պնդել, որ ԱՄՆ-ը եւ ընդհանրապես Արեւմուտքը Հայաստանին վերաբերող որեւէ այլ քաղաքական կնճռի լուծման ոլորտում այնքան ջանք ու եռանդ չեն ներդրել, որքան հայ–թուրքական հաշտեցման գործընթացում։
Նշելով այս ամենը, ես չեմ կասկածում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եւրոմիության առաջատար երկրների հետապնդած նպատակի ազնվությանը եւ, ի տարբերություն շատերի, ամենեւին հակված չեմ դրա ետեւում դավադիր մտադրություններ, էգոիստական շահագրգռություններ կամ երկակի ստանդարտներ փնտրելու։ Որովհետեւ լիովին համոզված եմ, որ հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության ու համագործակցության, այլեւ, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում առանձնապես Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Թեեւ ակնհայտ է, որ այդ հիմնական խնդիրների կարգավորմամբ Արեւմուտքը միաժամանակ փորձում է լուծել նաեւ որոշ այլ հարցեր, ինչպես, օրինակ, Այսրկովկասում ռուսական եւ իրանական ազդեցության թուլացումը, Միջին Ասիայից դեպի Եւրոպա էներգակիրների անխափան փոխադրման ապահովումը կամ թեկուզ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սփյուռքի ճնշման չեզոքացումը, սակայն միեւնույն է, այդ նկատառումները որեւէ չափով չեն կարող նսեմացնել հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը։
Հայաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եւրոմիության երկրների վարած քաղաքականության սխալը, հետեւաբար, ոչ թե նրանց հետապնդած նպատակի, այլ այդ նպատակին հասնելու ճանապարհի մեջ է։ Հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նրանք բացառիկ խաղադրույք են կատարել իրենց իսկ կողմից ոչ օրինակարգ, կոռումպացված եւ հանցագործ համարված Սերժ Սարգսյանի վրա, հաշվի չառնելով հասարակական կարծիքի կարեւորությունը եւ այդ գերզգայուն խնդիրների լուծման գործում ժողովրդի բավարար աջակցության անհրաժեշտությունը։ Արեւմտյան քարոզչությունը, գովեստներ ու հաճոյախոսություններ շռայլելով, ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի հեղինակությունն ու դիրքերը թե՛ արտաքին աշխարհում, թե՛ երկրի ներսում ամրապնդելու համար, նրան ներկայացնելով որպես քաջ, նախաձեռնող ու լայնախոհ պետական այր։ Ավելին, քարոզչականից բացի, ամերիկյան կառավարությունն այդ ուղղությամբ կատարել է նաեւ գործնական քայլեր, ինչի մասին, մասնավորապես, վկայում է պետքարտուղարությունից ուղարկված մի ուշագրավ նամակ, որում Երեւանի դեսպանատան աշխատակիցներին հանձնարարվում է տեղեկություններ հավաքել այն անհատների ու խմբերի մասին, որոնք քաղաքական վտանգ կարող են ներկայացնել Սերժ Սարգսյանի համար, ակներեւաբար, այդ անհատների ու խմբերի վրա որեւէ կերպ ազդելու կամ նրանցից սպասվող վտանգը չեզոքացնելու նպատակով (Wikileaks. 09STATE88237)։ Կարծում եմ, ավելորդ չէ նշել նաեւ, որ Արեւմուտքը երբեք այդպիսի անվերապահ աջակցություն չէր ցուցաբերի Սերժ Սարգսյանի նկատմամբ, եթե չունենար հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում որոշակի զիջումների գնալու վերջինիս հավաստիացումները։
Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հաշվին կայացած ցանկացած գործարք, եթե ոչ կարճաժամկետ, ապա երկարաժամկետ կտրվածքով, հաստատաբար դատապարտված է ձախողման։ ԱՄՆ-ի եւ Եւրոմիության կողմից Սերժ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված անվերապահ ու անհաշվենկատ աջակցությունը ոչ թե հեշտացրել, այլ, ընդհակառակը, անհուսալիորեն բարդացրել է նրանց հետապնդած գլխավոր նպատակի իրականացումը, ինչի վկայությունն է թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում ներկայումս տիրող գրեթե փակուղային վիճակը։ Այդ աջակցությունը նաեւ, սխալ հասկացվելով Հայաստանի ավազակաբարո իշխանությունների կողմից, նրանց շատ ավելի սանձարձակ ու հակաժողովրդական է դարձրել՝ հաղթահարելու փոխարեն ավելի եւս խորացնելով ժողովրդավարության եւ օրինականության ճգնաժամը, ինչպես նաեւ բազմապատկելով ժողովրդի տառապանքները։
Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եւրոմիության երկրները պետք է հասկանան վերջապես, որ թե՛ հայ–թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ թե՛ Հայաստանի մնացյալ կենսական խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի հաղթահարումը, օրինականության վերականգնումը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը եւ այլն, հնարավոր է միայն հիրավի ընտրյալ, օրինապահ եւ ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանությունների ձեւավորման պարագայում։ Պետք է հասկանան նաեւ, որ ժողովրդավարությունը, օրինականությունը եւ մարդու իրավունքները որեւէ պատճառաբանությամբ չի կարելի ստորադասել թեկուզ ամենավեհ նպատակներին, թեեւ մենք չէ, իհարկե, որ նրանց պետք է քաղաքականություն սովորեցնենք ու բացատրենք իրենց ազգային շահերը, ինչը պարզապես ծիծաղելի կլինի։ Կարծում եմ, սակայն, որ մենք գոնե իրավունք ունենք ակնկալելու, որ Wikileaks-ի բացահայտումները նրանց վրա լուրջ բարոյական պարտավորություն են դնում այլեւս Հայաստանի իշխանություններին թույլ չտալ ցինիկաբար սահմանափակելու ժողովրդավարական ազատությունները, ոտնահարելու մարդու իրավունքները, անպատիժ կերպով կողոպտելու ազգային հարստությունը, առավել եւս բռնություններ գործադրելու սեփական ժողովրդի նկատմամբ։
Անկախ Արեւմուտքի վերաբերմունքից, հայ ժողովուրդը որեւէ կերպ մտադիր չէ հաշտվել սեփական երկրում ոչ օրինակարգ, հանցագործ, անբարեկիրթ ու ամբարտավան իշխանություն ունենալու մտքի հետ։ Wikileaks-ի հրապարակումները նրան ավելի մեծ համոզվածություն ու վճռականություն են ներշնչում՝ ավազակապետությունը հնարավորինս արագ թոթափելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հարցում։ Ամենայն պատասխանատվությամբ ղեկավարելով համաժողովրդական շարժումը, Հայ Ազգային Կոնգրեսը մինչ այժմ ձգտել է այդ նպատակին հասնել բացառապես խաղաղ, օրինական ճանապարհով, եւ երկխոսության մեջ մտնելով իշխանությունների հետ, փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց «կիրթ» արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, եւ նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն, ինչն, ի դեպ, նույնպես արձանագրված է ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում (Wikileaks. 09YEREVAN137)։ Հետեւաբար, այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները, որոնք են.
1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։
Հասկանալի է, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին։

No comments: