Saturday, September 17, 2011

ԲԱՑՎԵՑ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐԸ

Azg.am-17-9-2011- Տարեկան 3,5 մլն ուղեւոր սպասարկելու հնարավորությամբ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորային նոր համալիրի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ: Հիշեցնենք, որ այս կառույցի բացումը Հայաստանի Հարապետության անկախության 20-ամյակի կարեւոր միջոցառումներից մեկն է: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, օդանավակայանի սեփականատեր, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը, բարձրաստիճան այլ անձինք:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրով նոր տերմինալի շինարարությունը սկսվել է 2008-ին: Այն շահագործման կհանձնվի այս տարվա հոկտեմբերին: Օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր տերմինալը, ժամանման եւ մեկնման նոր հասարակական սրահներն ու ավտոկանգառի շենքը կամբողջացնեն նոր համալիրը եւ կստեղծեն լիովին նոր օդանավակայան:
Նոր համալիրի շենքի տարածքի (34 հազար քմ), նոր երկհարկանի ավտոկանգառի (20 հազար քմՙ 600 ավտոմեքենաների համար), ժամանման եւ մեկնման կառավարական եւ գործառնական VIP սրահների կառուցման նպատակով ներդրվել է 160 մլն դոլար: Համալիրը նախագծված է միջազգային ուղեւորահոսքի պահանջներին եւ չափանիշներին համապատասխան եւ տարեկան 3,5 մլն ուղեւոր սպասարկելու հնարավորություն ունի: Այն ապահովված է միջազգային անվտանգության պայմաններով, ռենտգենային ճառագայթներով ստուգման համակարգով եւ ավտոմատ լուսապատճենող սարքերով, կենտրոնական ջեռուցման, օդափոխության ժամանակակից համակարգերով, ունի 46 հաշվառման սեղաններ ապահովված CUTE ժամանակակից հաշվառման տեխնոլոգիայով: Օդանավակայանում գործելու է մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգՙ Ժամում 2800 ուղեբեռի սպասարկմամբ (պայթուցիկի ավտոմատ հայտնաբերման հնարավորությամբ):
Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթակառուցվածքների եւ սարքավորումների արդիականացման համար կատարված ընդհանուր ներդրումներին, ապա դրանք կազմում են 320 մլն դոլար: Ներդրումային ծրագրով, սկսած 2002-ից, վերանորոգվել է վազքուղին, տեղադրվել թռիչքների տեղեկատվության նոր համակարգ, ներդրվել վերգետնյա սպասարկման օդանավակայանային նոր հատուկ տեխնիկա, տեղադրվել ուղեւորների եւ ուղեբեռի հաշվառման ժամանակակից ավտոմատացված նոր համակարգ, վերանորոգվել են ավտոկանգառները, տեղադրվել մեքենաների մուտքի ավտոմատ համակարգ, անվտանգության նոր համակարգ (մոտ 150 տեսախցիկ 24 ժամ տեսագրում է օդանավակայանի անցուդարձը), նորացվել են հրշեջ մեքենաները եւ սարքավորումները, հակասառեցման մեքենաները եւ այլն: Միաժամանակ, Գյումրիի օդանավակայանի թռիչքուղին, ղեկուղիները ամբողջությամբ նորոգվել են, տեղադրվել լուսազդանշանային նոր համակարգ, կառուցվել նոր դրենաժային համակարգ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

No comments: