Saturday, September 17, 2011

Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, դա բլեֆ է. Կոմանդոս

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, լեգենդար Կոմանդոսն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Անկախության առաջին ձեռքբերումը հենց Անկախությունն է, իսկ մյուս ձեռքբերումն այն է, որ Արցախ ունենք: Կոմանդոսը Անկախության մյուս կարևոր ձեռքբերումն է համարում բանակը՝ նշելով, որ ինքը չի կիսում այն կարծիքը, թե մեր բանակը լավը չէ՝ չնայած նրան, որ վերջին շրջանում բանակում միջադեպեր են տեղի ունենում:
«Ես պարծենում եմ մեր բանակով, այդ սխալները, որոնք տեղի են ունենում բանակում, իհարկե, թե ժողովրդի, թե բանակի համար անընդունելի են»,- հայտարարեց նա:
Պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսելիս Կոմանդոսը հայտարարեց. «Ես զինվորական եմ, և եթե պատերազմ լինի, պետք է գնամ, բայց Աստված տա` չգնամ, պատերազմը մարդկային երևույթ չէ: Պատերազմի հավանականությունը, որպես զինվորական մարդ, որը շատ հաճախ է լինում Ղարաբաղում, և գիտի մեր բանակի հնարավորությունները, ես այսպես եմ գնահատում՝ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, դա բլեֆ է»: Ըստ նրա՝ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի մի քանի պատճառներով՝ դրան պատրաստ չէ հարստացած Ալիևի կլանը, Ադրբեջանի հասարակությունը, Ադրբեջանի ղեկավարությունը:
Կոմանդոսի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի նաև մեր բանակի պատճառով: «Մեր բանակը ունի հաղթողի ոգի, այն կարող է իջնել, կամ բարձրանալ, բայց այն հաղթողի ոգի ունի»,- հայտարարեց գեներալը:

No comments: