Sunday, September 11, 2011

Իսրայելը «սադրանք» է որակել Էրդողանի հայտարարությունը

Panorama.am. 10-9-2011- Իսրայելական իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի արած այն հայտարարության կապակցությամբ, որով վերջինս տեղեկացրել էր, թե Թուրքիայի ռազմածովային ուժերը պատրաստվում են ուղեկցել Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավերը:
«Դա շատ վատ որոշում է, սակայն մենք չենք ցանկանում առավել սրել ստեղծված հակամարտությունը», - ասել է Նեթանյահուի կառավարության փոխվարչապետ, հետախուզական ծառայությունների նախարար Դան Մերիդորը: Վերջինիս խոսքերով, ներկայումս անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ ավելորդ հայտարարություններից:
Մերիդորը, այուհանդերձ, նշել էր, որ, եթե Թուրքիան փորձի ճեղքել Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը, ապա դա կդիտարկվի միջազգային նորմերի խախտում` հիշեցնելով ՄԱԿ-ի «Մավի Մարմարայի» զեկույցը, որտեղ Գազայի շրջափակումը Իսրայելի կողմից օրինական էր ճանաչվել:
Միաժամանակ, «Deutsche Welle» գործակալությունը, հղում անելով իսրայելական կառավարության բարձրաստիճան աղբյուրին, գրում է, թե Անկարայի գործողությունները կդիտարկվեն որպես «լրջագույն սադրանք»: «Հաշվի առնելով Թուրքիայի պարտավորությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ, դժվար է պատկերացնել, թե այդ երկիրը կգնա նման քայլի», - ասել է կառավարական աղբյուրը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները հրաժարվեցին Թուրքիայից ներողություն հայցել՝ «Մավի Մարմարա» շոգենավի գրոհի ժամանակ Թուրքիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր այն մասին, որ Թուրքիան երկրից վտարում է Իսրայելի դեսպանին և դադարեցնում է այդ երկրի հետ ռազմական համագործակցությունը:

No comments: