Thursday, July 14, 2011

Իլհամն ընտրում է Հեյդարի ուղին. «Հայոց Աշխարհ»

«Հայոց Աշխարհում»-ում կարդում ենք. «Երբ հուլիսի 12-ին Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն հայտնեցին փոխհամաձանեցված քայլերի միջոցով օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, նույն օրը դրան հետեւեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդարձակ բացահայտումները, որոնք լուսարձակում են ինչպես միջնորդների վերջին առաջարկությունների բովանդակությունը, այնպես էլ դրանք սաբոտաժի ենթարկելու Ադրբեջանի վճռականությունը։
Հիշեցնենք, որ ժամանակին Իլհամ Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների ընդունումից հրաժարվելու համար ընտրել էր դրանց հրապարակելու եւ դրանով իսկ միջնորդների պահանջները «ժողովրդով մերժելու» մարտավարությունը։
Այժմ երբ Ռուսաստանի նախագահը արտգործնախարար Ս. Լավրովի միջոցով կողմերին է ներկայացրել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնվող հերթական առաջարկը եւ սպասում է երկու երկրների պաշտոնական պատասխանին, Ադրբեջանի նախարարների խորհրդի առջեւ հուլիսի 12-ի իր ունեցած ելույթում Ի.Ալիեւը սկզբունքային գետնի վրա արդեն մերժում է Մադրիդյան սկզբունքները՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն վարելու համար։
Հարց է առաջանում. եթե մի պահ պատկերացնենք, որ Հայաստանն իսկապես վարում է ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն, իսկ Ադրբեջանը եւ, դատելով Ի.Ալիեւի ելույթից, նաեւ միջազգային հանրությունը ձգտում է խնդրի շուտափույթ կարգավորման, ապա ինչո՞ւ հենց Ադրբեջանն է դիմադրում ստատուս քվոյի փոփոխությանը տանող Ռուսաստանի նախագահի ջանքերին, որոնց հուլիսի 12-ին հավանություն է հայտնել նաեւ ԱՄՆ նախագահը։
Կարծում ենք, ողջ խնդիրը Մադրիդյան երկու առանցքային սկզբունքներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե, կամ իրավաբանորեն պարտավորեցնող հարցում անցկացնելու կետի մեջ է, որին, ըստ ադրբեջանական փորձագետների, «Բաքուն երբեք չի համաձայնի»։
Սրանով հաստատվում են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիրը գերտերությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին մեր նախորդ հրապարակումներում տեղ գտած կանխատեսումները։ Ակնհայտ է դառնում նաեւ, որ նման հեռանկարն այնքան է անհանգստացրել Բաքվին, որ նա դիմում է բացահայտումների միջոցով միջնորդների առաջարկները սաբոտաժի ենթարկելու փորձարկված մարտավարությանը։ Դրա վառ ապացույցը նախագահ Իլհամ Ալիեւի հիշյալ ելույթն է, որում մանրամասնորեն ներկայացվել են միջնորդների բոլոր առաջարկները, նրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ բացի, իհարկե, ԼՂՀ կարգավիճակի հստակեցման մեխանիզմներից։
Իլհամ Ալիեւը դիմել է ինքն իրեն մերկացնող, պարզունակ հնարքի. նա հայտարարել է. «Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակին, ապա 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի հարց է եւ կողմերի համաձանության դեպքում կարող է իր լուծումը ստանալ։ Այսինքն՝ առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ որեւէ իրավական կարգավիճակ»։
Հարց է առաջանում. ենթադրենք, թե 2009-ի առաջարկներում նման բան կամ դրա նման մի բան եղել է, բայց չէ՞ որ այսօր 2011 թվականն է, եւ այդ ընթացքում միջնորդները քանիցս փոխել են իրենց առաջարկների նրբերանգները։ Ուրեմն ի՞նչ է գրված միջնորդների հաջորդ առաջարկներում, եւ ինչո՞ւ է Իլհամը կառչում 2009-ի տարբերակից։ Մանկանն էլ պարզ է, որ եթե հաջորդ առաջարկներում եւ ամենակարեւորը՝ նախագահ Դ.Մեդվեդեւի կողմից իր արտգործնախարարի միջոցով օրերս ուղարկված ծրարում նման բան լիներ, ապա Իլհամն անպայման կօգտագործեր այն, կամ գոնե չէր դիմի ներկա բացահայտ սաբոտաժին։
Այս ամենից բխող հետեւությունը պարզ է լույսի նման. խոսելով ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին եւ Հայաստանին մեղադրելով դրանից կառչելու մեջ, Ադրբեջանը ստատուս քվոյի փոփոխությունն ընդունում է միայն իր առաջարկած տարբերակով՝ դեն նետելով ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների կարծիքները։ Ուրեմն եթե գերտերությունները իսկապես միասնական են՝ ներկա ստատուս քվոն փոխելու հարցում, ապա պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն իրենց առաջարկները Ադրբեջանին պարտադրելու ուղղությամբ։
Այսպիսով, երբ Ռուսաստանի նախագահը վճռականություն է հայտնում առաջիկայում փաստաթղթի ստորագրմանը հասնելու հարցում, իսկ ԱՄՆ-ը կանգնում է նրա թիկունքին, Ադրբեջանի ղեկավարը պահուստից հանում է իր հոր հայտնի զենքը եւ բացահայտումների միջոցով սաբոտաժի է ենթարկում միջազգային հանրության ջանքերը՝ սեփական հույսը դնելով Հայաստանի հայաթափման ու ադրբեջանուհիների բարձր ծնելիության ռասիստական հաշվարկների վրա։
Իսկ ինչո՞վ է հակազդելու միջազգային հանրությունը այս ալիեւյան ժառանգական ցինիզմին»։

No comments: