Wednesday, September 21, 2011

Հանդիպել են Էրդողանն ու Օբաման

Tert.am. 21.09.2011- ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նիստերին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Waldorf Astoria հյուրանոցում տեղի ունեցած հանդիպմանը, որը տևել է 1,5 ժամ, մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքն ու Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում, թուրք–իսրայելական հարաբերությունները, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարը, Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ–ի ռադիոտեղորոշման կայանի հետ կապված հարցեր։
Օբաման քննադատել է երեկ Անկարայում տեղի ունեցած հարձակումն ու իր ցավակացությունը հայտնել Էրդողանին։
«Այդ իրադարձությունները հիշեցնում են մեզ այն մասին, որ աշխարհի տարբեր վայրերում դեռևս շարունակվում է ահաբեկչությունը։ ԱՄՆ–ը և Թուրքիան շարունակելու են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում»,– ասել է Օբաման։

No comments: