Wednesday, September 21, 2011

Վիկտոր Դալլաքյան. Հայրենիքը պատկանում է աղքատներին, իսկ պետությունը` հարուստներին

News.am. 21-9-2011- 1988թ. համաժողովրդական շարժման կարեւորագույն ձեռքբերումները Հայաստանի անկախության հռչակումը, Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախությունը, հայ ժողովրդի հոգեւոր եւ ազգային զարթոնքն ու հայոց բանակի ստեղծումն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկյտոր Դալլաքյանը` գնահատելով Հայաստանի անկախության 20-ամյա ուղին: «Այս հինգ ձեռքբերումները ես կարեւորագույնն եմ համարում Հայաստանի համար: Ինչպես նաեւ Հայաստանի որպես այս տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ հանդես գալը»,- նշել է Դալլաքյանը:
Ինչ վերաբերում է այս տարիների ստվերներին, բացասական եւ անընդունելի կողմերին, ապա դրանցից Դալլաքյանն առանձնացրել է մի քանիսը: «Ցավոք, որոշ բացառություններով հանդերձ, Հայաստանը տառապում է անօրինական ընտրությունների բարդույթով եւ մեր երկրում չի իրականացվում ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից մեկը` ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման եւ փոփոխության հիմնարար սկզբունքը: Սա մեկ:
Կորուստներից եմ համարում եմ Հայաստանի քաղաքացիական հասարակության չկայացածությունը, համատարած աղքատությունը, եւ այստեղ ամենամտահոգիչն այն է, որ փոքրաթիվ հարուստների ձեռքին կենտրոնացած է հիմնական հարստությունը եւ սոցիալական բեւեռացում գոյություն ունի, ինչը ազգային անվտանգության լրջագույն խնդիր է:
Տպավորությունն այնպիսին է, որ հայրենիքը պատկանում է աղքատներին, իսկ պետությունը` հարուստներին»,- նկատել է պատգամավորը:
Դալլաքյանի խոսքով, մտահոգիչ հանգամանք է նաեւ համատարած կոռուպցիան: «Բայց այս ամենի հիմքում մեկ բան է, դա անօրինական ընտրությունների բարդույթն է, եւ ցանկացած ընտրություն վերածվում է գլադիատորական մարտի»,- ասել է Վիկտոր Դալլաքյանը:
Այդուհանդերձ, պատգամավորը այս բոլոր թերություններն ու բացասական երեւույթները հասկանալի եւ ընկալելի են ընդամենը 20-ամյա պատմություն ունեցող երկրի համար, եւ այս ամենին պետք է վերաբերվել որոշակի վերապահումներով: «Հույս ունեմ, որ ժողովրդի քաղաքական ակտիվությամբ, քաղաքական ուժերի հետեւողականության, իշխանությունների քաղաքական կամքի պարագայում առաջիկա ընտրություններին կարող է շանս լինել իրոք մեր անկախությունը հարիր անկախ եւ բարգավաճ երկիր կերտելու համար»,- ամփոփել է Դալլաքյանը:

No comments: