Monday, September 19, 2011

Լեւոնն ու Ռոբերտն ընդդեմ Սերժի

«Լրագիր» 19-9-2011- Ազգային հաշտությունը չստացվեց, եւ քաղաքական նոր մշակույթի ձեւավորումը հետաձգվում է: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեցին մասնակցել անկախության տոնի միջոցառումներին:
Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին չհաջողվեց առաջին եւ երկրորդ նախագաների կապող օղակի դերը եւ այդպիսով՝ քաղաքական դատավորի դափնին: Իսկ դա, իր հերթին, վկայում է, որ Հայաստանում ընտրության նախօրեին սպասվում է սուր դիմակայություն, եւ գործարքները, հրապարակային համաձայնությունները եւ երկխոսությունը կարելի է փակված համարել:
Այն, որ առաջին եւ երկրորդ նախագահները դուրս են գալիս բաց ռինգ, վկայում է Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը: Ընդ որում, հետաքրքիր է, որ Քոչարյանն իր հարցազրույցներում «խփում է» ոչ թե առաջին, այլ երրորդ նախագահին: Նա պնդում է, որ իր նախագահության օրոք զրոյից բարձրացրել է Հայաստանի տնտեսությունը եւ քաղաքական կապիտալը, որը ներկայիս իշխանությունը նույնպես քամուն է տալիս:
Քոչարյանը հաշվարկը կառուցում է իրեն հավատարիմ չինովնիկների, իրեն համակրող կուսակցությունների վրա, եւ հասարակության այն մասի վրա, որին դուր էր գալիս խաղի կոշտ կանոնները:
Առաջին նախագահը նույնպես ձեռքերը ծալած չի նստել: Նա ձգտում է ներկայիս իշխանության հրաժարականին եւ մտադիր է ներգրավել ժողովրդական զանգվածներին: Հայ Ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքմերում խոսվել է զանգվածների մոբիլիզացման եւ նրանց միջոցով իշխանության վրա ճնշում գործադրելու մասին:
Սերժ Սարգսյանն առայժմ տնօրինում է վարչական ռեսուրսը եւ փորձում է ներգրավել միջազգային կառույցների եւ համաշխարհային կենտրոնների աջակցությունը:
Փաստացի, Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը լուծում են միեւնույն խնդիրը՝ Սերժ Սարգսյանին զրկել իշխանությունից: Նրանք այս հարցում չեն միավորում ջանքերը, ավելին, Քոչարյանը ձգտում է, որպեսզի իր ռեսուրսը չօգտագործվի հակառակորդի կողմից: Ասենք, չնայած ընդդիմադիր լինելուն, Քոչարյանին համակրող ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն միանում Հայ ազգային կոնգրեսին: Փոխարենը, Քոչարյանն օգտվում է բողոքի տրամադրությունները գեներացնող Կոնգրեսի հանրահավաքներից, ապացուցելու համար ներկայիս ղեկավարության անկարողությունը:
Վերլուծաբանները դժվարանում են ասել, թե ինչն է ավելի լավ Հայաստանի համար՝ գործա՞րքը, որ բերում է ճահճային կայունություն, թե դիմակայությունը, որ հղի է ցնցումների վտանգով: Ակնհայտ է, որ լճացման պտուղները մենք արդեն համտեսել ենք, եւ փոփոխություններն անխուսափելի են: Եվ մնում է հուսալ, որ երեք հայ նախագահները իմաստություն կունենան թույլ չտալու քաղաքական դիմակայության վերածումն արյունահեղության ու ազգային աղետի: Եւ գլխավորը՝ թույլ չտալ, որ Հայաստանում քաղաքական պայքարին նման ընթացք հաղորդեն արտերկրի հատուկ ծառայությունները:
Նաիրա Հայրումյան

No comments: