Thursday, September 29, 2011

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

«ԱԶԳ» , 29-09-2011- Բավական էր, որ Թուրքիայի կառավարությունը ցյուրիխյան արձանագրությունները կրկին վերադարձնի խորհրդարան, որպեսզի Ադրբեջանում անհանգստություն դրսեւորեն: Միլլի մեջլիսի պատգամավոր եւ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, մասնավորապես, ընդգծելով հանդերձ, որ ՄԱԿ ԳԱ նստաշրջանում վարչապետ Էրդողանը դահլիճը լքել է նախագահ Սերժ Սարգսյանի «հակաթուրքական եւ հակաադրբեջանական» ելույթի ժամանակ, կարծիք է հայտնել, թե «որքան էլ էական լինեն խոսքերն ու ժեստերը, անգամ եղբայրական երկրների միջեւ հարաբերություններն ու քաղաքականությունը կառուցվում են համընկնող շահերի եւ դրանց իրացման ուղղությամբ քայլերի վրա»:
Ի՞նչն է Մուսաբեկովին մղել նման իրատեսության, որը փաստորեն ադրբեջանական հասարակությանն արված հուշում է, թե հնարավոր է, որ ցյուրիխյան արձանագրությունների հարցում Թուրքիան առաջնորդվի ոչ այնքան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, որքան սեփական շահերով: Ընդ որում, մինչ այդ ադրբեջանցի քաղաքագետը ծավալուն անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության մեջ պաշտոնական Բաքվի դերակատարությանը:
Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, բոլորովին այլ հարց է: Մեզ, համենայն դեպս, թվում է, որ այդ հարցում Ադրբեջանի դերակատարությունը չափազանցվում է թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի կողմից: Էրդողանի կառավարությանը պարզապես առիթ է պետք, որպեսզի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու իր տրամադրվածությունը «պատճառաբանվի», եւ նա հաճույքով օգտագործում է «եղբայրական Ադրբեջանի» գործոնը:
Ըստ էության, անուղղակիորեն կասկածելով Թուրքիայի իշխանությունների մինչեւ վերջ անկեղծությանը, Մուսաբեկովն ինքը առ ոչինչ է հայտարարում Ադրբեջանի դիրքորոշման նշանակությունը հայ-թուրքական գործընթացում: Եվ դա իրականությանը շատ մոտ ընկալում է: Քանի որ եթե Թուրքիան որեւէ էական շահ ունենա, ապա առանց Բաքվի համաձայնության դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ եւ կբացի սահմանը: Իրական քաղաքականության մեջ Թուրքիան երբեմն հակադրվում է Ադրբեջանից տասնյակ անգամ ազդեցիկ երկրների, երբ դա համարում է իր համար շատ սկզբունքային:
Երկրորդ կարեւոր պահն այն է, որ պաշտոնական քարոզչությամբ Ադրբեջանն իրեն համարում է «անկախ արտաքին քաղաքականություն իրականացնող երկիր»: Պարզվում է, սակայն, որ դա ծածկաքող է: Եվ իրականում այդ երկրի արտաքին քաղաքական ողջ ռեսուրսը կարող է մի որոշակի պահի ի դերեւ լինել, եթե «ավագ եղբայր» Թուրքիան առաջնորդվի բացառապես սեփական շահերով: Իսկ դա այլ բան չի նշանակում, քան` որ անկախությունից երկու տասնամյակ անց էլ Ադրբեջանը շարունակում է մնալ Թուրքիայի կցորդ:
Թուրքիայի տարածաշրջանային նկրտումներին Ադրբեջանը բացարձակապես ոչինչ տալ չի կարող: Քանի որ, ինչպես շատ դիպուկ բնութագրել էր մի արտասահմանցի վերլուծաբան, «բացելով թուրքական աշխարհին նայող պատուհանըՙ Թուրքիան տեսնում է Հայաստանը»:
Այդ երկիրն իր նպատակադրվածության իրացման ճանապարհին առաջինը պետք է հարաբերություններ կարգավորի Հայաստանի հետ: Այն բոլոր «ափսոսանքները` թուրքական աշխարհի մասնատման» մասին, որ հնչեցնում է Իլհամ Ալիեւը, իրականության մեջ որեւէ նշանակություն չունեն: Փաստն այն է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Թուրքիան բաժանում են «թուրքական աշխարհից»: Կարելի է, իհարկե, դա համարել «անիծյալ սեպ», բայց դրանից էլ ոչինչ չի փոխվում:
Եվ եթե մի օր թուրքական կառավարությունը դա ընդունի որպես անառարկելի իրողություն, ապա նրան կմնա մի բան` պայմանավորվել հայերի հետ: Իսկ գուցե Մուսաբեկովն զգում է, որ Թուրքիան արդեն իսկ դա հասկացել եւ ցանկություն ունի ընդառաջ գնալու իրողությանը, այլ ոչ թե ցանկությունների հրամայականին: Եվ «սեփական շահերի» մասին ասվածը նաեւ Ադրբեջանի՞ն է վերաբերում: Այսինքն, որ ժամանակն է ձերբազատվել Թուրքիայի օգնությամբ ԼՂ խնդիրը բացառապես ադրբեջանանպաստ լուծելու ռոմանտիզմի՞ց: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա ո՞րն է լինելու Ադրբեջանի «ճանապարհային քարտեզը», որն, ի դեպ, առաջարկում է ԼՂ հարցում ունենալ «Զերկալո»-ի մեկնաբանը:
Թվում էՙ պաշտոնական Բաքվի համար վրա է հասել «գեղեցկախոսությունները» մի կողմ թողնելու եւ իրական բանակցությունների վերադառնալու ժամանակը: Բանակցություններ, որ կպահանջեն քաղաքական կամք եւ իրատեսություն դրսեւորել: Եթե, իհարկե, Իլհամ Ալիեւը կարողանա հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն շատ վաղուց Ադրբեջանի կամ «թուրքական աշխարհի ներքին գործը» չէ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: