Thursday, September 1, 2011

«Եղնիկներում» մահացած զինվորի գործով ձերբակալվել է մեկ սպա և մեկ զինվոր. ՊՆ

Tert.am. 31-8-2011- Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում առեղծվածային հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի գործով երկու մարդ է ձերբակալվել՝ մեկ սպա և մեկ զինվոր։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը։
«Այս պահին երկու հոգի է ձերբակալվել։ Բացահայտված է այն անձանց շրջանակը, ովքեր կարող էին մասնակցած լինել նրա նկատմամբ բռնության կիրառմանը»,– ասաց Կարապետյանն՝ ավելացնելով, որ առաջիկա օրերին գործի առնչությամբ հնարավոր են նոր ձերբակալություններ։
Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երևանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասից օգոստոսի 26-ի երեկոյան անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է։ Զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով:
Դավիթ Կարապետյանը ձերբակալվածների անունները չհրապարակեց՝ նշելով, որ դրանք գաղտնի են պահվում՝ նախաքննության շահերից ելնելով և նրանց ընտանիքների անվտանգության նկատառմամբ։
Այս օրերին Արցախում է գտնվում նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Վաղը դեպքի վայր է մեկնելու նաև պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը:

No comments: