Monday, October 3, 2011

ԼՂ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնումը չի ուրախացրել հայերին. Չավուշօղլու

Tert.am. 3-10-2011- Պետք է հարգանքով վերաբերվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի կողմից ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնելու մասին կայացված որոշմանը և կատարել այն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԵԽԽՎ–ի աշնանային նստաշրջանի շրջանակում ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն։
«Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնումը ԵԽԽՎ–ի բարյացակամության խորհրդանիշ է։ Այդ ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ 2005թ. ընդունվել է բանաձև։ Ենթահանձնաժողովի նախկին նախագահ լորդ Ռասել Ջոնսոնի մահից հետո այն դադարեցրեց իր գործունեությունը։ ԵԽԽՎ Բյուրոն որոշեց վերականգնել դրա գործունեությունը։ Սակայն դա չուրախացրեց հայկական պատվիրակությանը։ Ես հասկանում եմ նրանց, բայց չեմ հասկանում իմ որոշ գործընկերներին, որոնք ասում են, թե ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնվել են իմ նախաձեռնությամբ։ Դա Բյուրի կողմից միաձայն ընդունված որոշման արդյունք է»,– ասել է Չավուշօղլուն՝ ավելացնելով. «Ենթահանձնաժողովն ամենևին էլ չի պատրաստվում զբաղվել երկակի չափանիշների հետ կապված գործերով։ Այն զբաղվելու է համակարտության արդյուքնում ի հայտ եկած հումանիտար խնդիրներով։ Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, տեղի է ունենալու ենթահանձնաժողովի հերթական նիստը։ Հանդիպմանը մասնակցելու են և հայկական, և ադրբեջանական պատվիրակությունները»։

No comments: