Tuesday, October 4, 2011

ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում արգելել երեխայի սեռով պայմանավորված արհեստական վիժեցումները

Tert.am. 4-10-2011- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանին և Վրաստանի իշխանություններին խնդրել է «ուսումնասիրել իրենց երկրներում սեռերի անհավասարաչափ համամասնության» պատճառները։ Ինչպես տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից, ԵԽԽՎ–ն Հայաստանում, Ալբանիայում, Ադրբեջանում և Վրաստանում նախածննդյան շրջանում սեռի ընտրության մասին բանաձև է ընդունել։ Բանաձևն ընդունվել է Վեհաժողովի հավասար հնարավորությունների հանձնաժողովի զեկույցի հիման վրա, որում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նորածին տղաների և աղջիկների թվի հարաբերակցությունը համապատասխանաբար 112/100 է, իսկ Վրաստանում՝ 111/100, մինչդեռ սեռերի բնական համամասնությունը միջինը պետք է լինի 105 տղայի դիմաց 100 աղջիկ։
Բանաձևը վերոնշյալ երկրներին կոչ է անում բժշկական հաստատությունների աշխատակիցների շրջանում ուսուցողական դասընթացներ անցկացնել «նախածննդյան սեռի ընտրության և դրա վնասակար հետևանքների մասին», ինչպես նաև «առավել շատ ջանքեր գործադրել հասարակությունում կանանց դերը բարձրացնելու ուղղությամբ»։ Վերոնշյալ երկրների կառավարությունները պետք է հավաստի տեղեկություններ հավաքեն ծնվելու ժամանակ սեռերի համամասնության մասին, ընդ որում, ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի բոլոր շրջաններում։
Վեհաժողովը նաև կոչ է արել կառույցի բոլոր անդամ երկրներին օրենք սահմանել, որի նպատակը կլինի կանխել սեռի պատճառով արհեստական վիժեցումները, բացառությամբ ժառանգական հիվանդությունները կանխելու դեպքերին։

No comments: