Tuesday, October 4, 2011

Թուրքերը Սիրիայի ապստամբներին զենք են ուղարկում

HayNews.am. 4-10-2011- Սիրիայի իշխանությունների հայտարարության համաձայն, իրենց կողմից բռնագրավվել է հարևան Թուրքիայից այս երկիր մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող զենքի մի խմբաքանակ, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»:
Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ առգրավված խմբաքանակում կար ավելի քան 150 հրացան և Կալաշնիկովի ինքնաձիգ, ինչպես նաև ռեակտիվ նռնականետ:
Այս մասին հաղորդագրությունից մեկ օր առաջ «ՍԱՆԱ» գործակալությունը հաղորդել է երկրի սունի մահմեդականների առաջնորդներից մեկի 21-ամյա որդուն սպանելու մասին լուրը: Հոգևորականը՝ գերագույն մուֆթի Ահմադ Մադրեդին Հասունը, համարվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության կողմնակից և բազմիցս ասել է, որ Սիրիայում տեղի ունեցող ապստամբությունը օտարերկրյա պետությունների կողմից կազմակերպված դավադրություն է:
Սիրիայի ընդդիմադիր հիմնական կուսակցությունները կիրակի օրը հանդես են եկել Ստամբուլում Սիրիայի ազգային խորհրդի ստեղծման մասին հայտարարությամբ:
Ընդդիմադիր ճանաչված գործիչ Բուրհան Ղալիունը հանդես է եկել այս մասին հայտարարությամբ՝ ասելով, որ չնայած Խորհուրդը չի ողջունում «օտարերկրյա պետությունների կողմից Սիրիայի ինքնավարության իրավունքի խախտումը», սակայն դիմել է միջազգային հանրության՝ քաղաքացիական բնակչությունը Սիրիայի կառավարության կողմից հայտարարված «պատերազմից» պաշտպանելու կոչով:

No comments: