Thursday, October 13, 2011

Ում համար է “սպանում” զանգը

«Լրագիր» 13-10-2011- Հայկական զինուժում հերթական զինծառայողն է “ինքնասպանվել”: Առաջինը, որ մտածում ես հերթական մահից հետո, այն է, թե քանի զինծառայող պետք է սպանվի խաղաղ պայմաններում, որ Հայաստանի բանակի ղեկավարությունը կամ Հայաստանի ղեկավարությունը միջամտի այդ մահաբեր ընթացքին եւ կասեցնի այն, փրկի հայ երիտասարդների կյանքը հայկական բանակում:
Բանակի եւ պետության ղեկավարությունը, պաշտպանության նախարարի եւ Գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, կամ պետք է հասարակությանը ներկայացնեն բանակում արմատական բարեփոխումների առարկայական ծրագիր, որը պետք է փոխի վիճակն ու Հայաստանի բանակում բարձրացնի մարդու արժեքը, կամ պետք է հրաժարական տան: Նրանք չեն անում ոչ այն, ոչ էլ այն: Թեեւ երբ առաջինը չեն անում, թվում է, թե արել են երկրորդը` այսինքն հրաժարական են տվել: Բայց մեկ էլ պարզվում է, որ ոչ թե հրաժարական են տալիս, այլ մեդալներ` այս կամ այն զինվորականին: Ու բանակի սպայակազմում որքան մեդալներն ու կոչումներն ավելանում են, այնքան ավելանում են նաեւ մահվան դեպքերը` սպանություններն ու “ինքնասպանությունները”:
Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհայանը պարտավոր են հրապարակավ պատասխանատվություն ստանձնել բանակում իրավիճակի փոփոխության համար եւ հետագայում ամեն մի նոր մահվան համար իրենք պետք է պատասխան տան հասարակությանը, զոհվածների ծնողներին: Բանակում ներկայում ակնհայտորեն տոտալ անպատասխանատվության մթնոլորտ է, որը ուղղակի հրամայական է դարձնում Գերագույն գլխավոր հրամանատարի եւ պաշտպանության նախարարի հրապարակային պատասխանատվության ստանձնումը ամեն մի զինվորի կյանքի համար:

Ինչպես ամեն մի զինվոր երդման արարողության ժամանակ անհատապես երդվում է ծառայել հայրենիքին, այդպես էլ Գերագույն գլխավոր հրամանատարն ու նախարարը պետք է այժմ ստանձնեն պատասխանատվություն ամեն զինվորի կյանքի համար, որովհետեւ այդ կյանքերը ռեալ վտանգված են բանակում առկա իրավիճակի հետեւանքով:
Իրավիճակը հասել է այն աստիճանի, որ միայն սպանությունների համար անմիջական մեղավորների, հանցագործների բացահայտումն ու պատասխանատվությունն արդեն անբավարար է եւ հարկավոր է կառավարման համար պատասխանատվություն: Ինչ որ մեկը թերանում է բանակի կառավարման իր գործառույթն իրականացնելու հարցում: Եթե Գերագույն գլխավոր հրամանատարն ու նախարարը հանրությանը հստակ մատնացույց չեն անում, թե ով է թերանում եւ նրան չեն ազատում զբաղեցրած պաշտոնից, իսկ հարկ եղած դեպքում էլ հանցավոր անգործության համար չեն ենթարկում քրեական պատասխանատվության, ուրեմն իրենք անձնապես պետք է ստանձնեն պատասխանատվությունը ամեն զինվորի կյանքի համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: