Saturday, September 6, 2008

Նոր գիրք

«Ակրոստիքոսներ» Հեղինակ՝ Աստղիկ Բաբայան Երեւան, 2008թ., 128 էջ: Մեկենաս պրն. Հարոն Հակոբյան: Գրքի նախաբանը հենվելով Էդ. Ջրբաշյանի եւ Հ. Մախչանյանի «Գրականագիտական բառարան»-ին, («Լույս» հրատարակչություն, Երեւան, 1980թ.), ընթերցողին բացատրում է գրքի անվան մասին. «Ակրոստիքոս, (հունարեն akros-եզրային եւ stichos-տող)- անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծության ձեւ, որի տողերի առաջին կամ երկրորդ տառերը, վերեւից ներքեւ կարդալիս, կազմում են որեւէ բառ կամ արտահայտություն: Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը: Անցյալում ակրոստիքոսի ձեւն օգտագործվել է գրաքննությունը շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար: Կիրառվել է նաեւ չափածո հանելուկների մեջ, ուր առաջին տառերից կազմվել է պատասխանը»: Նախաբանում նաեւ ասված է. «Աստղիկ Բաբայանը վաղուց է, որ իր սրտից բխած, ակրոստիքոսներ է գրում, նվիրում ծանոթ-հարազատներին, բարեկամներին ու մանավանդ արժանի մարդկանց: Իսկ այն ինչ բերված է այս գրքույկում մի ծաղկեփունջ է տարբեր ժամանակներում գրվածներից, որ հուսանք կարժանանա ընթերցողի ուշադրությանը»: Աստղիկ Բաբայանն ավելի շուտ ճանաչված է որպես հուշագրությունների հեղինակ եւ ցայժմ հրատարակված իր գրքերը նաեւ այդ ժանրին են պատկանում, սակայն «Ակրոստիքոսներ»-ի լույս ընձայումը փաստեց, որ նա ընդունակ է նաեւ բանաստեղծություն գրելու մեջ, նամանավանդ երբ նկատում ես, որ աքրոստիկոս գրելու պարագային գործը ավելի է բարդանում, որովհետեւ գրողը պարտավոր է սակավաթիվ բառերով սկսել իր բանաստեղծության տողերը: Հիշեցնենք, որ Աստղիկ Բաբայանը մինչ 1980թ. Թեհրանի հայոց «Թովմասյան» միջնակարգ երկսեռ դպրոցի տնօրենն ու տեսչուհին էր: ՀԲԸՄ հին անդամներից է եւ 1997 թվականից նախագահում է նույն միության Կանանց բաժանմունքը: Վերջերս ընտրվել է միության վարչական անդամ եւ փոխնախագահ:

No comments: