Monday, January 24, 2011

Չավուշօղլու. Մեր նպատակն է իրականացնել ԼՂ հարցով թիվ 1416 բանաձևը

Tert.am. 24-1-2011- «Մենք ցանկանում ենք վերականգնել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Ինչպես գիտեք, 2005–ին ԵԽԽՎ–ն ընդունել էր հակամարտության վերաբերյալ թիվ 1416 բանաձևը։ Մեր նպատակը ենթահանձնաժողովի շրջանակներում այդ բանաձևի իրականացումն է։ ԵԽԽՎ–ի բյուրոն այդ հարցի վերաբերյալ հստակորեն արտահայտել է իր կարծիքը»,– ասել է նա։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ թեև ենթահանձնաժողովը նախկինում նույնպես գործել է, բայց նրա նախագահի մահից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը։
«Անցյալ ամիս ես հանդիպում եմ ունեցել ԵԽԽՎ–ում երկու երկրների պատվիրակությունների անդամների հետ, և այդ ժամանակից ի վեր մենք հանդիպումներ ենք անցկացնում յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ, որոնցից վերջինի ընթացքում պայմանավորվել ենք ընդլայնել հանդիպման ձևաչափը, նաև այն, որ պատվիրակության կազմում ընդգրկվի մեկ ընդդիմադիր պատգամավոր։ Որոշված էր, որ հարցը ներկայացվելու է բյուրոյին։ Այս հարցը կքննարկվի ուրբաթ օրը գումարվելիք բյուրոյի լիագումար նիստին ժամանակ։ Բյուրոն որոշում կընդունի ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման մասին և նրա համար նախագահ կընտրի։
Ենթահանձնաժողովը կրկին կգործի և կշարունակի իր աշխատանքները նախկին հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում»,– ասել է Չավուշօղլուն։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ԵԽԽՎ նախագահն ափոսոսանքով է նշել, որ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ այդ հարցը համարում են ԵԽԽՎ նախագահի անձնական նախագիծը։
«Դա սխալ միտք է։ Ես պարզաբանել էի այս խնդիրը Հայաստան կատարած իմ պաշտոնական այցի ժամանակ։ Սա անձնական նախագիծ չէ։ Սա իմ պարտականությունն է՝ որպես ԵԽԽՎ նախագահի»,– հավելել է Չավուշօղլուն։

No comments: