Tuesday, October 4, 2011

Մեր գլխից բարձր կեղծիքը

«Լրագիր» 4-10-2011- Հոկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բացօթյա ասուլիսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանին հարց էին ուղղել, թե արդյոք նա ցույցերը շարունակելու է նաեւ Սարկոզիի հայաստանյան այցելության ընթացքում:
Թերեւս հասկանալի է հարցի ենթատեքստը. “արդյոք մեր “կեղտոտ լվացքը” փռելու եք նաեւ Սարկոզիի առաջ”: Պարտադիր չէ իհարկե, որ հարցը հնչի այսպես ասած իշխանության պատվերով: Չի բացառվում, որ հարց տվողը պարզապես ներքին համոզումով է տալիս այն, վստահ, որ եթե տուն հյուր է գալիս, ընտանիքի անդամները պետք է մի կողմ դնեն վեճերն ու ցույց տան, թե որքան երջանիկ են իրար հետ:
Թող տարօրինակ չթվա, բայց ավելի լավ է, որ այդպիսի հարցերը հնչեն իշխանության պատվերով, քան ասենք “ի խորոց” մտքի կամ հոգու: Բանն այն է, որ պատվերը այդքան սարսափելի չէ, որքան մտածողությունը, որովհետեւ պատվերը հաղթահարելը շատ ավելի կարճ ժամանակի խնդիր է, իսկ այդօրինակ մտածողությունը հաղթահարելը տեւական աշխատանք է պահանջում:
Իսկ ինչ մի արատավոր բան կա, եթե մարդիկ պարզապես չեն ուզում տան վեճն ի ցույց դնել հյուրի առաջ: Իսկապես, հյուր է, թող գա ու գնա, հաճելի ժամանակ անցկացնի, ինչու մենք նրան էլ ծանրաբեռնենք մեր խնդիրներով: Թվում է, թե երկաթին մոտ տրամաբանություն է: Տրամաբանությունը միգուցե իսկապես մոտ է երկաթին, անգամ մաքուր երկաթին, ինչը բնության մեջ հազվագյուտ երեւույթ է: Բայց մտածողությունը, մտածողությունը մոտ է քաղցկեղին, որը մեր կենսագործունեության բոլոր ոլորտները լցրել է կեղծիքով ու ձեւականությամբ:
Մենք միշտ գտնում ենք խնդիրները չքննարկելու, դրանք անտեսելու, քողարկելու պատճառներ. մեկ հյուր է գալիս, մեկ հարեւանն է ականջ դրել մեր պատին, մեկ երեխան քնած է կզարթնի, մեկ այս, մեկ այն: Ու այդպես մեզ թվում է, կամ ավելի ճիշտ մեզանից շատերին թվում է, թե գտել ենք կայունության բանաձեւը` խուսափել խնդիրները հրապարակայնացնելուց: Այդպիսին է մեր հասարակությունը կենցաղից մինչեւ քաղաքականություն: Ու դա է առավել վտանգավորն ու մտահոգիչը, ոչ թե այն, որ կարող է իշխանության պատվերով մեկ կամ հազար հարց հնչել: Հանրային կյանքը պատած է համատարած կեղծիքով, եւ կեղծիքը արդեն դարձել է արժեք, նույնիսկ ազգային արժեք: Ինչ ուզում ենք դնենք անունը` ադաթ, ավանդույթ, կարգ, թե նիստուկաց, միեւնույն է, խորքում կեղծիք է, որն արդեն մեր գլխից մի քանի ոտնաչափ բարձր է:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: