Wednesday, October 5, 2011

Մահմուդ Ահմադինեժադ. Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումն ուղղված է Իրանի դեմ

Panorama.am. 5-10-2011- Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումն ուղղված է Իրանի դեմ, որպեսզի իրանական հրթիռները Իսրայել չհասնեն: «Ես Թուրքիայի պատասխանատու պաշտոնյաներին էլ եմ զգուշացրել, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայումը նույնիսկ իրենց օգուտ չի տա, քանի որ դրանք տեղակայվում են, որպեսզի Իսրայելին պաշտպանեն»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ուղիղ եթերում բնակչության հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի` մարտավարական գծով տեղակալ, գեներալ Ազիզ Նասիրզադեն «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ իրանական բալիստիկ հրթիռներն ի զորու են շարքից դուրս հանել Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգերը:
Նշենք, որ մինչ այդ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման խնդրի առնչությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել նաև ԻԻՀ ՊՆ և ԱԳ նախարարները:

No comments: