Thursday, October 27, 2011

Ս. Մինասյան. Իրականությունը գիտակցելով Ադրբեջանը նյարդայնանում է

Panorama.am. 26-10-2011- «Եթե անգամ նախագահ Ալիևը դա հայտարարել է քարոզչական նկատառումներով, ապա անլուրջ և ծիծաղելի է պատկերացնելը, որ Հայաստանում աշխատող երկու տանկ չկա կամ երկու տանկի համար վառելիք չկա, դրա համար զորահանդեսի համար դրանք քարշակներով են տարվում »,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանում անցկացված զորահանդեսի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ Panorama.am-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Իրականում դա ևս մարտական տեխնիկայի ցուցադրում է: Քարշակը մարտական տեխնիկա է: Մյուս կողմից դա արվել էր մի պարզ պատճառով, որ թրթուրավոր տեխնիկան չվնասի Երևանի կենտրոնի ասֆալտային ծածկույթը»:
Ս. Մինասյանը նշեց, որ, այնուամենայնիվ, հասկանալի է Ի. Ալիևի` նմանատիպ հայտարարություն անելու տրամաբանությունը:
«Ադրբեջանն ավելի քան 10 տարի է խոսում է, թե իբր` նավթային ռեսուրսների հաշվին ինքը գնել է բոլոր հնարավոր զենք-զինամթերքը, ու երբ Հայաստանը համարժեք պարիտետային ժամանակակից տեխնիկա է ցուցադրում, որը Ադրբեջանը չունի, դա վերջինիս համար չափազանց ցավալի ու վատ անակնկալ է»,- ասաց քաղաքագետը:
Այնուհետև նա անդրադարձավ մեկ այլ խնդրի . «Երբ ԼՂՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից ոչնչացվել էր ադրբեջանական ԱԹՍ-ն, դա տեխնիկապես բավական բարդ առաջադրանք էր իրենից ներկայացնում և շատ լուրջ խնդիր էր Ադրբեջանի համար այն առումով, որ ինքը այդպիսով կորցնում է մի շատ կարևոր ռազմական ռեսուրս օգտագործելու հնարավորություն»:
Բանախոսը պարզաբանեց, որ այդ սարքերն օգտագործվում են հեռահար հրետանու և հրթիռների կրակը կոորդինացնելու համար: Եվ հիմա, երբ պարզվել է, որ հայկական զինված ուժերը դրա դեմ էլ կարող են պայքարել:
«Ու Ադրբեջանում` հասկանալով այդ հանգամանքը, այդպես նյարդային են արձագանքում»,- հավելեց Ս. Մինասյանը:

No comments: